Կացարանում զոհվածների ծնողները մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչև վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

 


 «Ուզեն-չուզեն, պետք է բացահայտեն: Իրենք չբացահայտեն, իրենցից հետո եկողը կբացահայտի: Ու ես իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձևով, որ իրենց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։

Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում:

Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։

News.am