«ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 33 ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ուղիղ 33 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 30-ին սկսվեց ամենասարսափելի ոճրագործություններից մեկն ընդդեմ հայ ժողովրդի։ «Կոլցո» գործողությունը, որի առաջին թիրախը Գետաշեն և Մարտունաշեն հերոսական գյուղերն էին, ձգվեց մինչև օգոստոսի 20-ը, և այդ գրեթե 4 ամիսների ընթացքում շուրջ 26 հայկական գյուղեր ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, բռնի տեղահանման և ցեղասպանության: Հենց այդ շրջանում ցեղասպանության թուրքական քաղաքականության իրավահաջորդի՝ Ադրբեջանի շահերը համընկան խորհրդային կենտրոնի շահերի հետ։

Ճիշտ նույն կերպ այդ շահերը հայ ժողովրդի համար ողբերգական կերպով համընկան 2023 թվականի աշնանը, երբ ռուս խաղաղապահները դարձան հայկական Արցախի վերջնական ահաբեկչական գրավման և բռնազավթման Բաքվի ու Անկարայի հանցավոր ծրագրերի իրականացման լուռ վկաները, իսկ ըստ էության՝ աջակիցները։

«Գործողությունը սկսվեց ապրիլի 30-ի առավոտյան՝ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի դեմ։ Այս տեղանունները խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանության աստիճանով կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ, Բաքվի և Սումգայիթի հետ մեկտեղ։

Անպաշտպան գյուղացիների դեմ ձեռնարկված գործողությունն աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ և անմարդկայնությամբ։ Գործողության ընթացքում բազմաթիվ վայրագ գործողություններ են իրականացվել խաղաղ բնակիչների դեմ. տղամարդկանց գերեվարել և սպանել են, կանանց բռնաբարել են, դաժան վերաբերմունքի են ենթարկվել երեխաները, քաղաքացիական անձանց առևանգել և պատանդ են վերցրել:

Ադրբեջանական թուրքերը բեռնատարներով գալիս էին մոտակա գյուղերից՝ զբաղվելու թալանով ու դիակապտությամբ, գողանալով ու տանելով ամեն ինչ. տան ունեցվածքից մինչև անասուններ»,- այսպես են նկարագրել կատարվածը Քերոլայն Քոքսն ու Ջոն Էյբները իրենց «էթնիկ զտումները շարունակվում են։ Պատերազմը Լեռնային Ղարաբաղում»։

Գործողության նպատակը պարզ էր. հայկական տարածքների զավթում՝ էթնիկ զտումների, ցեղասպանության, միջնադարյան դաժանության և վանդալիզմի մեթոդներով։ Ադրբեջանի գործողությունները, որոնց լիովին աջակցում էր Մոսկվան, միանգամայն տրամաբանորեն տեղավորվում էին հարյուրամյակի սկզբին Թուրքիայի կողմից իրականացված քաղաքականության մեջ, որի գլոբալ նպատակը կենսատարածքի ընդլայնումն էր բնիկ հայ բնակչության բազմադարյա բնակության տարածքների զավթման հաշվին։ 1991 թվականի գարնանն ու ամռանը գործի դրվեցին այդ նպատակների իրականացման բոլոր փորձված միջոցները. հայ ժողովրդի բնաջնջումը, արտաքսումն ու հայրենազրկումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ յուրացումը։

Հենց այն, ինչին մենք կրկին ականատես եղանք վերջին երեքուկես տարում՝ 44-օրյա պատերազմից սկսած մինչև 2023-ի սեպտեմբերն Արցախում։ Այն, ինչը շարունակվում է այնտեղ առ այսօր։ Եվ այն, ինչը 2021 թվականի մայիսի 12-ին անցավ արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և տեղի է ունենում այսօր Տավուշում. տեղի է ունենում նախևառաջ ՀՀ իշխանությունների ջանքերով։ Մի բավական ուշագրավ փաստ. «Կոլցո»-ի իրականացման շրջանում Հայաստանում իշխանության ղեկին էր ՀՀՇ կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ 

ОПЕРАЦИЯ 'КОЛЬЦО' 33 ГОДА СПУСТЯ: ГОСУДАРСТВЕННЫЙ ТЕРРОРИЗМ НА ТЕРРИТОРИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

«Կոլցո» գործողությունը փորձագետները բնութագրում են որպես պետական ահաբեկչության ակտ ավելի քան երկուսուկես տասնյակ հայկական գյուղերի քաղաքացիական բնակչության նկատմամբ, որոնց դեմ նետվեցին ընտրած մարդասպանների՝ ադրբեջանական ՕՄՕՆ-ի և Խորհրդային բանակի ստորաբաժանումները: Բաքվի մտահղացմամբ՝ այդ հրեշավոր գործողությունը կոչված էր յուրօրինակ նախերգանք դառնալ օղակի մեջ վերցնելուն (այստեղից էլ անվանումը), որպեսզի այնուհետ խորանային տարածքում և արդեն ամբողջությամբ խեղդեին հայկական Արցախը։

Խանգարեցին 1991-ի օգոստոսին Մոսկվայում ծավալված իրադարձությունները. Ռուսաստանում ԱԴՊԿ-ի պուտչը և իշխանափոխությունը, ինչի արդյունքում էլ դադարեց ահաբեկչությունը։ Գրավված գյուղերի գերակշիռ մասն ազատագրվեց Պաշտպանության բանակի կողմից հետագա ռազմական գործողությունների ընթացքում։

Պետական ահաբեկչության այդ ակտի մանրամասները փաստագրված են իրավապաշտպան կազմակերպությունների և հայտնի հասարակական գործիչների բազմաթիվ զեկույցներով ու վկայություններով. ինչպես ռուս, այնպես էլ արևմտյան, ընդհուպ մինչև ԱՄՆ սենատորներ: Բոլոր այդ նյութերը կարելի է գտնել karabakhrecords.info կայքում, որին դեռ չեն հասել փաշինյանական քարոզիչների ճիրանները։ Բայց ապշեցնում է մեկ այլ բան. 33 տարվա վաղեմության իրադարձությունների նմանությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման անվան տակ այսօր կատարվող ամենին։

Սա նույն պետական ահաբեկչությունն է, մարդու և ժողովրդի իրավունքների նույն բացարձակ անտեսումը, նույն անօրենությունն ու հանցավորությունը, նույն բռնի տեղահանությունն ու հայկական հողերի զավթումը։ Սկիզբ առնելով Տավուշում, ինչպես ժամանակին Գետաշենում, այս գործընթացն անխուսափելիորեն կընդգրկի Հայաստանի մյուս շրջանները և կհանգեցնի թշնամու առաջխաղացմանը մեր երկրի տարածքում՝ զավթելով ռազմավարական դիրքերն ու միջպետական տրանսպորտային կապուղիները Հայաստանի հետագա լիակատար ոչնչացման համար։

Այդ մասին շեփորում են բազմաթիվ փորձագետներ՝ գծանշելով և ակներևաբար ցուցադրելով ամեն ինչ քարտեզների վրա, համոզիչ կերպով ապացուցելով գործընթացի կործանարարությունը Հայաստանի համար։ Իշխանությունների գործողությունների անօրինականությունն ու դրանց հակասումը ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային իրավական նորմերին մատնանշում են իրավաբանները, սահմանագծման և սահմանազատման մասնագետներն ու փորձառու զինվորականները: Այդ «սահմանազատման» ընթացքում ՀՀ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների վրա համառորեն ուշադրություն են հրավիրում իրավապաշտպանները։

Այն մասին, որ տեղի ունեցող ամենը ոչ մի կապ չունի սահմանագծման և սահմանազատման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջումների և Բաքվի ու Անկարայի ախորժակների խոնարհ բավարարման աղետալի գործընթաց է ՀՀ-ի համար, խոսում է Տավուշի գյուղերի հանձնման և դավաճանների ոհմակի կամայականությունների դեմ հանդես եկող երկրի բնակչության շուրջ 90%-ը։

Իշխանությունները փորձում են ճնշել բողոքի դրսևորումները կեղծ քարոզչությամբ, բռնությամբ, սպառնալիքներով և քաղաքական բռնաճնշումներով: Հայաստանյան ոստիկանների և հատուկջոկատայինների գործողությունները շատ հաճախ սաստիկ հիշեցնում են ժամանակին «Կոլցո» գործողության ընթացքում դահիճների կիրառած մեթոդները: Մոլուցքով բռնված Փաշինյանը՝ իր բոլոր վախերով, տերերից կախվածությամբ և թուրքական տանդեմի հանդեպ պարտավորություններով, չի ընդունում ո՛չ փորձագետների կարծիքը, ո՛չ էլ ժողովրդի՝ «Ագորայի» ձայնը, ինչպես ինքն էր ժամանակին սիրում արտահայտվել։ Ոչնչացման համար հետևողականորեն թշնամուն է հանձնվում ամեն հայկականը, և Տավուշն այդ ճանապարհին, կրկնեմ, լոկ հերթական կանգառն է, նույն Գետաշենը 1991-ին։

Արցախի դեմ ուղղված «Կոլցո» գործողությունը 33 տարի առաջ հաջողվեց կասեցնել։ Կհաջողվի՞ արդյոք այսօր կասեցնել Փաշինյանին և թույլ չտալ նրան վերջնականապես կործանել Հայաստանի Հանրապետությունը և սպանել հայոց պետականությունը։