Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին, քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձավ ոստիկանական ուժերի կողմից լուսադեմին Կիրանցում ճանապարհի բացմանը և կիրանցիների բերման ենթարկելու։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցիների իր սիրելի քույրերին և եղբայրներին և լուսադեմին այդ սերը արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։

Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է կոնկրետ հետևանքներ, ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են այստեղ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաև Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաև լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

News.am