ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ, ԿԱԴԱՍՏՐԻ ԲԱՌԱԽԱՂԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց էր բարձրացրել, որ, ըստ պաշտոնական պատասխանի, Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին քարտեզները կադաստրից անհետացել են:
Դրան ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեն հերքում էր հրապարակել, որ նյութերը չեն ոչնչացվել, այլ փոխանցվել են Պաշտպանության նախարարություն, իսկ ինձ հրավիրել են կադաստրի կոմիտե՝ առկա նյութերին ծանոթանալու:
168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց.
«Այդ «հերքման» նպատակը մեկն էր` ստեղծել պատրանք, որ իբր ինձ հայտնել են՝ որտեղ են քարտեզները, բայց ես հետամուտ չեմ եղել դրանց ծանոթանալուն: Մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադարձել է նաև Փաշինյանը՝ ենթադրելով, որ թյուրիմացությունները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ դրանք «գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են»:
Կարճ արձանագրեմ`
Առաջին, Նյութերը ՊՆ-ում լինելու վերաբերյալ Կադաստրի կոմիտեն ինձ ոչինչ չի հաղորդել, այլ նշել է, որ դրանք առկա չեն: Ավելին, կոմիտեն հրավիրել է ծանոթանալու ակտուալությունը կորցրած փաստաթղթերին:
Երկրորդ, անկախ ամենից, ես դեռևս ապրիլի 16-ին նույն հարցմամբ դիմել եմ նաև Պաշտպանության նախարարություն, բայց որևէ պատասխան չեմ ստացել:
Երրորդ, այդ փաստաթղթերի օրինակները կան նաև Ադրբեջանում, քանի որ ի սկզբանե երեք օրինակ տրվել էր իրենց:
Այսինքն, այդ փաստաթղթերն Ադրբեջանի համար գաղտնիք չեն, դրանք այս իշխանությունը գաղտնի է պահում հայ ժողովրդից և ընդդիմադիր պատգամավորներից:
Եզրակացություններ արեք ինքներդ:
Ի դեպ, Կադաստրի կոմիտեից ուզել էի նաև Ոսկեպար գյուղի վարչական սահմանները պատկերող քարտեզագրական նյութերը, որոնք 2010թ. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխության ժամանակ ներկայացվել էին Ազգային ժողով: Ըստ նրանց պատասխանի, այդ նյութերը «չեն հայտնաբերվել…»»:
Հավելենք, որ այս թեմայի և առհասարակ Ադրբեջանի պարտադրանքով Տավուշում տեղի ունեցող սահմանագծման գործընթացի, դրանից բխող անվտանգային մարտահրավերների շուրջ առավել մանրամասն Տիգրան Աբրահամյանը երեկ խոսել էր 168.am-ին տված հարցազրույցում: