ԿԻՐԱՆՑ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները: Իրավացի է նա, թե ոչ, ցույց կտա մոտ ապագան։ Առայժմ կարելի է խոսել միայն մեկ հաղթանակի մասին։ Կիրանցը փողոց դուրս բերեց տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի, որի տարածքների մի մասն ինչ-որ անհասկանալի քարտեզով իշխանությունները մտադիր են առաջիկայում հանձնել Ադրբեջանին: Հանուն նրա, որ յոթ օր, ըստ Նիկոլի, ապրենք առանց պատերազմի, իսկ թե ինչ կլինի 8-րդ օրը, ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել։

Թե կունենա արդյոք Կիրանցն այլ հաղթանակներ, որոնք իսկապես ոսկե տառերով կգրեն գյուղի անունը հայոց պատմության մեջ, Երևանում լուծվելիք հարց է: Կա՛մ Կիրանցը կդառնա Հայաստանի վերածննդի խորհրդանիշը, կա՛մ այն գործընթացի մեկնարկի, որի արդյունքը կլինի հայոց անկախ պետականության կորուստը, վերածումը Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի:

Այսօր բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, փաշինյանական ծառայանին անվանում է «Կրեմլի գործակալներ»։ Ընդ որում, ինչպես արդարացիորեն նշում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, չեն նկատում, որ դրանով իսկ հերքում են իրենց իսկ այն թեզը, թե Ռուսաստանը տարածաշրջանում գործում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Հայաստանի…

Թեզ, որը ծիծաղելի է յուրաքանչյուրի համար, ով գոնե թեթևակի ծանոթ է տարածաշրջանում ռուս-թուրքական դիմակայության դարավոր պատմությանը։ Եվ նրանց համար, ովքեր այդ պատմությանը ծանոթ են թեկուզ թեթևակի, կրկնակի հնչեղ է այն հարցը, թե ինչ աստիճան ապաշնորհ պետք է լինի իշխանությունը Երևանում, որ փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող մշտական վտանգի պայմաններում։

Թեպետ, ո՞ւմ ապաշնորհության մասին ենք խոսում։ Մանկուրտների թիմի ապաշնորհության մասին հավանաբար կարելի էր խոսել նրանց իշխանության գալու առաջին փուլում։ Իսկ հիմա ակնհայտ է, որ Կրեմլի շահերի օգտին գործող «հինգերորդ շարասյան» մասին թեզն իշխանության քարոզչական ռեսուրսների էջերում առաջ է մղում Հայաստանում Անկարայի ու Բաքվի շահերը ներկայացնող իրական հինգերորդ շարասյունը։ Ինչպես խորհրդարանում արդարացիորեն ասաց Արծվիկ Մինասյանը այդ շարասյան հետևորդներից մեկին՝ Ռուբեն Ռուբինյանին, եթե «Հայաստան» դաշինքի դաշնակիցը Ռուսաստանն է, ապա «Քաղաքացիական պայմանագրի» դաշնակիցները Թուրքիան և Ադրբեջանն են։

Մինասյանը նրբանկատ արտահայտվեց։ «Քաղաքացիական պայմանագիրն» ամենևին էլ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցը չէ։ «Քաղաքացիական պայմանագիրը» նրանց ցանկությունների հնազանդ կատարողն է։ Ընդ որում՝ ոչ միայն պաշտոնապես հնչեցված, այլև գաղտնի ցանկությունների։ Գաղտնի՝ մինչև որոշակի պահ։

Որպեսզի գաղտնի և բացահայտ ցանկությունները կատարվեն, իշխող թիմին երաշխավորված է անձնական բարեկեցության մշտական աճը: Որպեսզի գործընթացն անընդմեջ լինի, այսօր պետք է իրենց նեղություն տան ու տեղ զիջեն Կիրանցի բնակիչները։ Պարզվում է, Կիրանցի բնակիչները տասնամյակներ շարունակ, դեռ խորհրդային տարիներին «չեն իմացել», թե որտեղով է անցնում սահմանը: Եվ ահա այսօր սահմանի անցնելու տեղը նրանց փոխարեն որոշել է իրեն մեսիա երևակայած երկրի ղեկավարը։

Երբ երկրի ղեկավարը Կիրանցի բնակիչների տների հանձնումն արդարացնելու համար ջուր է լցնում իր շալվարին, հասկանում ես, թե ինչ հեռուն է ամեն ինչ գնացել։ Երբ երկրի ղեկավարը հիվանդ է, վատ է ։ Երբ երկրի ղեկավարը խեղկատակ է, ծիծաղելի է։ Երբ երկրի ղեկավարն իրեն մեսիա է երևակայում, աղետ է։ Էլ ի՞նչ խոսենք, երբ երեքը մեկում է:

Բազմաթիվ տներ գնող իշխող թիմի բարօրության համար արդեն վճարել են 44-օրյա պատերազմում զոհված, իսկ հետո նաև Հայրենիք կորցրած արցախցիները։ Հիմա ՔՊ-ի զվարճանքների համար վճարելու հերթը Կիրանցի և Հայաստանի սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներինն է։