Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՄԻՆՉ ՔԱՅԼԵՐԹԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԺԱՄԱՆԵԼԸ, ՊԵՏՔ Է ՄՇԱԿՎԱԾ ԼԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ

Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.

«Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը։ Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը՝ մեկնարկելով Տավուշի մարզից, խորհրդանշում է ոչ միայն հոգևոր ուխտագնացությունը, այլև հայ ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը։

Հայաստանի պատմության մեջ՝ 4-րդ դարի մեկնարկից մինչև միջնադարյան մելիքությունները և Օսմանյան կայսրությունից մինչև խորհրդային ժամանակները, եկեղեցու դերը միշտ եղել է մշակութային և քաղաքական կյանքի անբաժանելի մասը։ Անհիշելի ժամանակներից այն ծառայել է որպես ոգեղենության առանցք և բարոյական ու մշակութային դաստիարակության հարթակ:

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովանավորությամբ այս նշանակալից գործողությունը կոչված է ամրապնդելու ազգային գիտակցությունը և ազգի հոգևոր վերածնունդը։ Ակնկալվում է, որ քայլերթին կմիանան այլ հոգևոր առաջնորդներ, ներառյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությունը՝ ինչ որ փուլում։

Թերևս առավել քան երբևէ, այսօրվա Հայաստանը, բախվելով բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների, կարիք ունի նման պատմական նախաձեռնությունների, որոնք ուղի են առաջարկում դեպի ոչ միայն հոգևոր մաքրագործում ու ազգային ինքնորոշում, այլև՝ քաղաքական պահանջմունքների վերաձևակերպում: Եվ քանի որ «Տավուշյան շարժումն» ակնհայտորեն այս գործընթացում ունի առանցքային դառնալու ներուժ, կարևոր է ազգային ակունքները վերակենդանացնելուն և ազգային ոգին ամրապնդելուն ուղղված ջանքերի հետ մեկտեղ ցուցադրել քաղաքական և քաղաքացիական վերափոխումներ կատարելու և պահանջներ առաջադրելու կարողություն ևս։

Այս առումով, շատ կարևոր է առնվազն հետևյալ գործողությունների և քայլերի իրագործումը.

1. Նախնական (մինչև մայրաքաղաք հասնելը) խորհրդակցություններ քաղաքացիական հասարակության անդամների, հանրային գործիչների և քաղաքական առողջ դերակատարների հետ. Այս խորհրդակցություններն անհրաժեշտ են երթին աջակցելու և հասարակության ու հանրային գործիչների դրական ընկալումն ապահովելու համար: Սա կօգնի քննարկել և ձևակերպել ընդհանուր քաղաքական և սոցիալական պահանջներ, ապահովել մայրաքաղաքում ներկայացվելիք պահանջների իրավական և քաղաքական հստակություն և մշակել դրանց ներկայացման ռազմավարություն։

2. Գործողությունների ծրագիր Երևանում. Մինչ քայլերթը մայրաքաղաք ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարությունները: Սա ներառում է զանգվածային խաղաղ հավաքների, առանձին անհնազանդության գործողությունների, հանրահավաքների, մամուլի ասուլիսների և իշխանության բանագնացների հետ հանդիպումների հնարավոր անցկացումը։

3. Անվտանգություն. ինչպես շարժման առաջնորդների, այնպես էլ քայլերթի բոլոր մասնակիցների անվտանգությունը պետք է ապահովված ու երաշխավորված լինի: Սա նշանակում է ինչպես սեփական համապատասխան ռեսուրսների ներգրավվածություն, այնպես էլ՝ իրավապահ մարմինների հետ համագործակցություն, որը կկանխի ցանկացած սադրանք և կերաշխավորի իրադարձությունների խաղաղ ընթացքը։

4. Միջազգային աջակցություն և երկխոսություն. Սա իրենից առնվազն ենթադրում է հանդիպումներ և խորհրդակցություններ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ շարժման ու քայլերթի նպատակներն ու նշանակությունը բացատրելու, ինչպես նաև ազգային անվտանգության և կայունության հարցերում աջակցություն ստանալու նպատակով: Այստեղ շատ կարևոր է նաև միջազգային երաշխիքների ստացումն ու նախազգուշական միջոցների ձեռնարկումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հարևան առնվազն երկու երկրների կողմից պահից օտվելու նկրտումներին հակազդեցություն ապահովելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, գործողությունների ծրագիրը պետք է համատեղի բացության, թափանցիկության և բոլոր մասնակիցների իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ երաշխավորելով հիմնական նպատակի՝ Հայաստանի հոգևոր և ազգային վերածննդի ձեռքբերումը»։

News.am