ՍՐԲԱԶԱՆԸ
«Ես հավատում եմ՝ հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա Հայաստանին», ոգին հաղթելու է «դուխ»-ին, եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս խոսքերն արդեն թևավոր են դարձել, դարձել են Տավուշում սկիզբ առած և համաժողովրդականի վերածվող շարժման կարգախոսն ու կվինտէսենցիան: Ինչպես այդ մարդու կերպարը դարձավ հավատի, պայքարի և Հայրենիքի խորհրդանիշ:
... Մենք սրան երկար ենք սպասել. առնվազն 2020-ի նոյեմբերից։ Սպասել ենք, որ մահ, պարտություն ու կործանում բերող, թշնամու օրակարգը սպասարկող իշխանությունը հեռանա, վերջապես գան նրանք, ովքեր կպաշտպանեն ու կներկայացնեն ազգային շահերը։ Որ հուսահատության ու անսահման կորուստների խավարը ցրվի, և լույս առկայծի թեկուզև ամենաերկար թունելի վերջում։ Որ մենք վերջապես կարողանանք շունչ քաշել և ազատվել անօգնականության ու աղետի անխուսափելիության ճնշող զգացումից: Որ ազգային արժանապատվության վաղուց մոռացված զգացումը նորից արթնանա, պոռթկա և հիշեցնի՝ ով ենք մենք, որտեղից ենք եկել և որն է մեր առաքելությունը։
Քաղաքական ուժերի և գործիչների տոտալ պարտությունը, երկիրը զավթած ապազգային ուժերին հաղթելու նրանց անկարողությունը ծնեցին հուսահատություն, հիասթափություն և զանգվածային, վտանգավորագույն անվստահություն գործնականում ամենքի ու ամենի նկատմամբ: Բայցև բերեցին ըմբռնում, որ անհրաժեշտ են նոր ուժեր և նոր առաջնորդներ, որոնք ունակ են և պատրաստ են ստանձնել պատասխանատվությունն ու վերակենդանացնել մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հավատը, որ մենք՝ որպես ժողովուրդ, արժանի ենք շարունակելու մեր դարավոր ուղին, այլ ոչ թե դատապարտված ենք ավարտելու դա 21-րդ դարում՝ անցնելով անէության գիրկը, ինչպես մեր հասակակիցներից շատ-շատերը։ Որ մենք այնուամենայնիվ արժանի ենք ունենալու ազգային պետություն։
Բոլոր այս հարցերը, բարդույթներն ու կասկածները բնավ հաղթահարված չեն, դրանք այսօր էլ դեռ կան։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում վերջին շաբաթներին, այն, ինչ սկսվեց մայիսի 4-ին Կիրանցում, արդեն կանթեղ է վառել ու թեթևակի լուսավորել շուրջբոլորը տիրող ու անպարտելի թվացող խավարը: Այդ կանթեղը վառեց այն միակ ուժը, որը վեր է քաղաքական կոմպրոմատներից, մանիպուլյացիաներից, խարդավանքներից և ժամանակից. Հայ Առաքելական Եկեղեցին: Կանթեղակիրը դարձավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որի խոսքին մինչ այդ էլ ականջալուր էին լինում, բայց որը վերջին օրերին շատերի համար դարձավ ճշմարտություն, լույս և հույս բերող մարդ:
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց արքեպիսկոպոսի կենսագրությունը. նրա ստացած փայլուն կրթությունը (Գևորգյան հոգևոր ճեմարան, Լիդսի և Մոնրեալի համալսարաններ) և բազում հայրենանվեր գործերով հարուստ անցած ուղին մարդիկ հակադրում էին Հայաստանն այսօր «ղեկավարող» թերուսների ու տգետների խղճուկ ու ողորմելի անցյալին: Ըստ էության, այն, ինչ և ինչպես ասում է այդ մարդը, առանց իր կարծիքը պարտադրելու, բայց սեփական իրավացիության մեջ համոզելով գլխավորի մասին խոսելու նրա ապշեցուցիչ ունակությունը ինքնին վկայում է մեծ ինտելեկտի, խորը գիտելիքների, բարոյականության և բարձր հոգևորականության մասին, ինչպեսև վայել է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականին:
Նրա բացարձակ հավատը Տիրոջ և իր ժողովրդի նկատմամբ, մտադրությունների անաղարտությունը և ընտրած ուղուն հավատարմության մեջ որևէ երկմտանքի բացակայությունը անըմբռնելի կերպով փոխանցվում են գնալով ավելի մեծ թվով մարդկանց, որոնք մինչ այդ իսպառ հուսալքված էին, չէին վստահում հանրային քաղաքական գործիչներից ոչ մեկին և չէին տեսնում երկրի փրկության որևէ հույս: Բագրատ Սրբազանն այնքան ուժեղ է սեփական իդեալներին ու քրիստոնեական արժեքներին իր հավատարմությամբ, որ նրա դեմ գործարկված կեղտոտ քարոզարշավը՝ ֆեյքերի գրոհով ու նողկալի ստի կույտերով, պարզապես անիմաստ ու անարդյունավետ գտնվեց:
Հակառակը, որքան ավելի են զազրախոսում ու անհեթեթ ստեր ժայթքում իշխանական քարոզիչները, այնքան ավելի են մարդիկ համոզվում Սրբազանի բարոյական անաղարտության մեջ։
Ինչպես նշում են փորձագետները, երկար ժամանակահատվածում առաջին անգամ Բագրատ Գալստանյանի և նրա համախոհների պայքարը, նրանց սկսած երթը գերակա թեմա դարձան հանրային դիսկուրսում, և իշխանություններն անզոր գտնվեցին այդ մարդու ուժի և խարիզմայի առջև: Դավաճանների ոհմակը, որը մինչ այդ գործնականում ամբողջությամբ իշխում էր տեղեկատվական-քարոզչական դաշտում և հմտորեն մանիպուլացնում զանգվածային գիտակցությունը, ի դեմս Սրբազանի բախվեց ազգը միավորող ամենահզոր և ամենակարողունակ ուժի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Քանզի, ինչպես ընդգծեց անձամբ Սրբազանը, ինքը ոչինչ չի անում առանց Վեհափառ Հայրապետի գիտության և օրհնության:
Այդպես եղել է դարեր շարունակ, երբ Եկեղեցին շատ հաճախ մնացել է հայ ժողովրդի միակ նեցուկն ու միակ ապավենը, ոտքի հանելով ու առաջնորդելով նրան պայքարի՝ հանուն ազգային շահերի և արժեքների: Այսօր կրկին ժամն է, երբ հենց Եկեղեցին պետք է ցույց տա մեզ Տաճարի ճանապարհը և առաջնորդի այդ ուղիով։ Բագրատ Սրբազանն իր վրա է վերցրել ամեն առումով ծանր ու վեհ այդ առաքելությունը, ինչպես իրենից առաջ դա արել են հարյուրավոր հայ հոգևորականներ՝ բոլոր դարերում:
Ոչ, մենք ամենևին էլ կուռք չենք ստեղծում։ Բայց փաստը մնում է փաստ. մեզ վաղուց էր անհրաժեշտ առաջնորդ, որին կհավատային և որի հետևից կգնային։ Այսօր մենք ունենք այդպիսի առաջնորդ՝ ի դեմս Բագրատ Սրբազանի և նրա թիկունքում կանգնած Հայ Առաքելական Եկեղեցու։ «Մարդու հետ ոչինչ չի կարող կապված լինել, ոչինչ... Սա Հայրենիք ու արժանապատվություն ձեռք բերելու պայքար է։ Այն ճշմարտության հաղթանակի մասին է, և այդպես էլ պետք է լինի։ Մենք բոլորս գործիքներ ենք Տիրոջ ձեռքին, ուղղակի գործիքներ, ոչ ավելին... Պետք է գնալ ինքնամաքրման ճանապարհով։ Եվ թող այս երթը դառնա դրա մեծագույն կամ լավագույն վկայությունը»։
Սրբազանի խոսքերը կարելի է մեջբերել անվերջ. նա խոսում է հենց այն ամենի մասին, ինչը մեզ հուզել և անհանգստացրել է վերջին մղձավանջային տարիների ողջ ընթացքում: Այն մասին, թե ինչ է պետք անել այս մղձավանջից դուրս գալու համար. և ոչ միայն ազատվելով ապազգային իշխանությունից։ Նաև այն մասին, որ հաղթահարենք անասելի վտանգավոր պառակտումը, որն օգնում է չար ուժերին կառավարել մեզ՝ որպես ժողովրդի, որպես ազգի, որպես համայնքի։ Որպեսզի հայրենակցի մեջ թշնամի չտեսնենք, ճանաչենք ճշմարտությունը և կարողանանք տարբերել ճշմարտությունը ստից, բարին՝ չարից: Այն մասին, որ պետք է ապաշխարենք և գնանք դեպի Աստված:
...Տիրոջ գիրկը տանող ճանապարհը երբեք հեշտ չի եղել, այս անգամ էլ այդպիսին չի լինի: Չարացած ու գազազած Նիկոլն ու իր թիմակիցները պատրաստ են դիմել ամեն քայլի և կդիմեն՝ շարժումը խեղդելու համար: Նրանք ունակ են և՛ արյունահեղության, և՛ տեռորի, և՛ քաղաքացիական պատերազմի սանձազերծման, նրանք կարող են դիմել այնպիսի ստորության, ինչպիսին իրենց թուրք հանցակիցներին հարձակման դրդելն է և նոր պատերազմը, միայն թե փրկեն սեփական իշխանությունն ու կաշին։ Նրանք ունակ են նաև ֆիզիկապես վերացնել ժողովրդին առաջնորդող անհատներին և առաջին հերթին՝ Բագրատ Սրբազանին։
Այս մարդուն պետք է պահել աչքի լույսի պես, քանզի նա հույս ներշնչեց մարդկանց և ոգեշնչեց պայքարի։ Աչքի լույսի պես պետք է պահել մեր Եկեղեցին, որն այսօր կրկին դարձել է Հայրենիքի փրկության պայքարի սրբազան խորհրդանիշը և դարձյալ առաջնորդում է մեզ իր հետևից՝ դեպի հավատք, դեպի լույս: Դեպի Տերը: Դեպի ինքներս մեզ:
Մենք վերջապես բռնել ենք մի ճամփա, որը կարող է բերել մեզ Արցախ և այն Հայաստան, որի մասին երազել ենք դարեդար ու շարունակում ենք երազել: Աստվա՛ծ մեզ զորավիգ: