Դավիթ ՏՈՆՈՅԱՆ․ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԼԻՆԵԻ ՊԱՅՔԱՐՈՂ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Տավուշում և դրա շուրջ իրականացվող գործողությունների՝ Ադրբեջանի պահանջով սահմանազատման և սահմանագծման պիլոտային գործընթացի շրջանակում 168.am–ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին փաստաբանական խմբի միջոցով մի քանի հարց է ուղղել:
– Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն ակնարկել է, որ Տավուշում տեղի ունեցող սահմանագծման, սահմանի վերարտադրման գործընթացը չպետք է դիտարկել 2020 թվականի իրադարձություններից կտրված, այսինքն, 44-օրյա պատերազմից: Կարո՞ղ ենք ենթադրել, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանվել էր, սակայն այն մնացել է բանավոր բանակցությունների օրակարգում: Ի դեպ, Ձեր հայտարարություններից մեկում Դուք շեշտել էիք, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ Ձեր պաշտոնանկությունից հետո, այդ թվում՝ անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի Ձեր՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այսինքն, ըստ Ձեր պայմանավորվածության, այդ հարցը փակվելո՞ւ էր:
– Ինչպես նախկինում նշել եմ, լավատեղյակ եմ խնդրո առարկա «Ղազախի շրջանի տարածքների վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի` 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հեռացման բանակցային հանգամանքներին և, մասնավորապես, դրանց «աշխարհաքաղաքական ենթատեքստին»։ Համոզված եմ և կասկածից վեր է, որ ի շահ Հայաստանի՝ կարելի է արդյունքի հասնել նաև ճիշտ բանակցությունների միջոցով:
Բացի այդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից:
ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի ղեկավարի համար ՀՀ Սահմանադրության որոշ դրույթները, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպտային հաղորդակցության երաշխավորումը», ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան չհամաձայնեցված կամ «վիճելի»
տարածքները ոչ պակաս լեգիտիմ են լինելու ՀՀ-ի վրա հարձակվելու կամ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար:
– Հյուսիսարևելյան պաշտպանական գծի վերացումը, այդտեղից բանակի, առաջնագծի հեռացումը կամ սահմանապահներով, սահմանապահ ուղեկալներով փոխարինումը ի՞նչ անվտանգային ռիսկեր ու վտանգներ է ստեղծելու Տավուշի և ՀՀ-ի համար:
– ՀՀ վարչապետի ելույթներից և վերջին հարցազրույցում հնչեցրած դիրքորոշումներից հետո, որոշակի պատկերացում ունենալով իր որոշումների կայացման ալգորիթմներից, ինչպես նաև Արցախի աններելի հայաթափումից հետո, ներքին համոզմունք ունեմ, որ գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:
Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է:
Համոզված եմ՝ ԶՈՒ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո:
ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն անվտանգության և պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իմ համոզմամբ, չկա:
Ի դեպ, չեմ կասկածում, որ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը: Տարածաշրջանային դերակատարներից կան, որ իրենց հայտարարություններում չեն անդրադաձել զորքերի հետքաշման հարցին, թերևս, հասկանում են, որ ՀՀ ԶՈՒ դիրքերում տեղակայված մնալը միակ երաշխիքն է` վերոհիշյալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակականության ապահովման համար: Հակառակ դեպքում՝ խաբված կմնա ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև ամբողջ հայ ժողովուրդը: Այստեղ վերադառնալով մեր առաջին հարցին, ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: Այսքանը: