Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՔՊ-Ն ԻՐ ՀԱՄԱՐ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել:

Մեր աղբյուրի խոսքով՝ «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց: Իշխանական թիմում թերևս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ քարոզչամեքենան և Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։

Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սևերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը:

VERELQ