ԱՌՆԵՏՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ ՆԻԿՈԼԻ ՆԱՎԻՑ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է

Ինչպես հայտնի է, խորտակվող նավից առնետները զանգվածաբար փախչում են բնավ ոչ այն պատճառով, որ յուրաքանչյուրն առանձին տեսնում է հատակի ճեղքը։ Կրծողները պարզապես ենթարկվում են քիմիական-ֆիզիոլոգիական պրոցեսներին, որոնք օդի միջով փոխանցում են տագնապի ազդանշանը մի առանձնյակից մյուսին: Նույնը տեղի կունենա կամ, ավելի ճիշտ, արդեն տեղի է ունենում Հայաստանում՝ ներիշխանական և մերձիշխանական կերպարների պարագայում։

Ապրիլի 30-ին Էդմոն Մարուքյանը՝ նույն ինքը, ով հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում երկար ժամանակ աշխատել է Փաշինյանի հետ կողք-կողքի, ուս-ուսի, սիրտ-սրտի, հայտարարեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալները, որոնք ներկայանում են որպես արևմտամետներ, դեռևս պաշտոնավարման շրջանում քարոզչական կեղտոտ արշավ են սկսել իր դեմ։

Այստեղ խորամուխ չենք լինի մանրամասների մեջ, թե ինչու և ինչ առիթով է, ըստ պարոն Մարուքյանի, հալածանք սկսվել իր դեմ: Մանավանդ որ նրա նկարագրած «դրամատիկ սյուժեն» կոտրած գրոշ անգամ չարժե։ Մեզ հետաքրքրում է միայն բուն այն փաստը, որ սույն քաղաքական գործիչը նպատակաուղղված ներշնչում է հանրությանն այն միտքը, թե ինքը, դեռևս Փաշինյանի թիմում եղած ժամանակ, իր համոզմունքների և քաղաքական հայացքների պատճառով արդեն իսկ ճնշման է ենթարկվել Հայաստանում թուրք-ադրբեջանական պատվերը կատարող իշխանությանը հավատարիմ արևմտամետների կողմից։

Առավել քան ակնհայտ է, որ «լուսավորների» առաջնորդը կրկին ուզում է ռեժիմի դեմ պայքարողի լուսապսակ պատկերել իր գլխին՝ այն բանից հետո, երբ նախորդը վաղուց չքացել է նիկոլական կերամանի մոտ տեղի համար հրմշտոցի ընթացքում։ Ընդ որում պարոն Մարուքյանը խոհեմորեն չի շտապում մեղադրանքներ հնչեցնել Նիկոլի հասցեին և նրան էլ «թուրք-ադրբեջանական գործակալ» անվանել։ Նա, այսպես ասած, դեռ «փորձնական կրակոցներ է արձակում» ու սպասում արձագանքի։

Եվ եթե իր հնարքը հաջողվի, եթե հանրությունը, մոռանալով Էդմոնի ու Նիկոլի «բեղմնավոր» համագործակցության մասին, հերթական անգամ լուռ մարսի նրա փոխակերպումն ընդդիմադիրի, ապա ամենամոտ ապագայում պետք է ակնկալել, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա ինչ-որ տեղ Մարուքյանը՝ կուսակիցների հետ, «դավաճա՛ն» վանկարկումներով կպատառոտի հագի շապիկն ու մոխիր կլցնի գլխին՝ ի պաշտպանություն Կիրանցի։

Դա կասկածից վեր է, ինչպեսև այն, որ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը Տավուշի դեպքերից դեռ շատ առաջ տեղյակ է եղել գյուղերը հանձնելու ծրագրի մասին։ Եվ շտապել է հրաժարական տալ բնավ ոչ այն պատճառով, որ համաձայն չէր դրան, ինչի մասին ակնարկել է սոցցանցի իր գրառման մեջ։ Այլ որովհետև հոտոտել է, կշռադատել ամեն ինչ և հասկացել, որ այդ ծրագիրը վաղ թե ուշ հանգեցնելու է փաշինյանական իշխանության տապալման։

Իսկ այդ պարոնի հոտառությունը նման դեպքերում գործում է գերազանց, ինչն էլ առ այսօր օգնել է նրան բարեհաջող կերպով ցատկել մի քաղաքական ճամբարից մյուսը։

Մարուքյանը մի առանձնյակ է, որը մինչև վերջերս բնակռած էր նիկոլական «նավամբարում»։ Այնտեղ, որտեղ տաք էր, հարմարավետ ու կերառատ: Հենց այնտեղ էլ՝ ներսից, նա նշմարել է ճեղքը, որն անպայման կխորտակի պատրանքային «ապագայի» հորիզոններ սլացող ՔՊ-ական առագաստանավը։ Ուստի հարկ է համարել շտապ հեռանալ։ Ծլկել, քանի դեռ ցասումով համակված, խաբված ու նվաստացված ժողովուրդը դուրս չի եկել փողոց՝ սրբելու խաբեբաներին ու դավաճաններին։

Սա վերաբերում է բնավ ոչ միայն նախկին դեսպանին։ Իրար են խառնվել «բևեռականներ» Սեֆիլյանն ու Չուգասզյանը, որոնք միտումնավոր հրահրում են ոստիկանությանը ձերբակալել ու քոթակել իրենց, ասես իրենք չէին, որ ժամանակին «ապստամբության իրավունքի» թեզով հող էին նախապատրաստում Փաշինյանին իշխանության բերելու համար։ Նիկոլի դավաճանության առնչությամբ հիստերիկ նոպաներով բռնված մոլեգնում է Դոգ անունով արարածը, ասես իր դրածոները չէին ու իր հրահանգով չէր, որ քաղաքապետի ընտրություններում քվեարկեցին փաշինյանական թեկնածուի՝ Ավինյանի օգտին։

Նիկոլական ձախողումների մասին խելամիտ ճառեր է բարբառում Սուրեն Սուրենյանցը, ասես ինքն ու իր գաճաճ կուսակցությունը չէին, որ հրճվալից դիմավորեցին «թավշե հեղափոխությանը», և իբր ինքը չէր, որ դեռ վերջերս իր «վերլուծական կարողությունների» բարձունքից հավանություն էր տալիս նիկոլական ուղեգծին։

Մերձիշխանական ոհմակները սաստիկ տագնապած են, և արդեն անհանգիստ իրարանցման շրշյուն է լսվում բուն իշխանության ներսում։ Նիկոլական նավին շատ քիչ ժամանակ է մնացել ընթանալու ընտրած ուղեգծով, բայց մինչ այն կխորտակվի՝ այդ առանձնյակները ռեֆլեքսով, իրար բոթելով ու հրմշտելով, դուրս կթափվեն։ Ոչ այն պատճառով, որ առանձին վերցրած բոլորը հեռատես են, և առավելևս ոչ այն պատճառով, որ խիղճը տանջել է:

Ամեն ինչ շատ ավելի պարզունակ է. քիմիան արդեն բորբոքել է ինքնապահպանման անասնական բնազդը: Առնետները ամենուր առնետներ են լինի դա կենդանիների աշխարհում, թե մարդկանց: