Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԱՆԱԼ

Հնարավոր է` Հայաստանում «քաղաքական քրիստոնեություն» է ծնվում տրանսհումանիզմի գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ այսպիսի տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը` գրառում անելով Telegram–ում։

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը ուշադրության արժանի երկու գիծ են երևան հանում։ Առաջինն այն է, որ ցուցարարներին գործող հոգևոր առաջնորդ է գլխավորում, որը ժողովրդի ուշադրությունը չի կենտրոնացրել նեղ քաղաքական թեմատիկայի վրա։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհության խնդիրը վերածել է էթիկական և գոյաբանական խնդիրների լուծման անհրաժեշտության՝ միաժամանակ զերծ մնալով սպեկուլյատիվ-ազգային կարգախոսներից:

«Այլ կերպ ասած` եթե նախկինում համաշխարհային կրոններից ակտիվություն էր ցուցաբերում «քաղաքական իսլամը», ապա Հայաստանում, հնարավոր է, ծնունդ է առնում «քաղաքական քրիստոնեությունը»՝ տրանսհումանիզմի գաղափարախոսության և դրա «հետմարդկային» դաժանության դեմ պայքարելու համար»,- եզրակացրել է Գևորգյանը:

Նրա դիտարկմամբ՝ որոշ վերլուծաբանների կարող է թվալ, թե այս շարժումն անհաջողության է դատապարտված իմպիչմենտի անհնարինության և ուժային հաշվեհարդարի ռիսկի պատճառով, բայց փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ բողոքին աջակցում են սփյուռքի ազդեցիկ համայնքները, այդ թվում՝ ամերիկյան և եվրոպական:

Արևելագետն ընդգծել է, որ Բագրատ արքեպիսկոպոսին «Կրեմլի գործակալ» և Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակից ներկայացնելու իշխանությունների փորձերը չհաջողվեցին։

«Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, չի ների սփյուռքի հետ փոխգործակցության աշխատանքների ձախողումը։ Այդ պատճառով ոչ միայն չի փրկի նրան, այլև շահագրգռված է ազատվել նրանից՝ մեղքը բարդելով Ռուսաստանի վրա, ինչպես միշտ»,- կարծում է Գևորգյանը։

Sputnik Արմենիա