«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈԹԱՓՈՒՄ Է ՎԱԽԸ. ԱՅԴ ՈՒԺՆ ՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՎԱԶԻ ՏԱԿ ԱՆՑՆԵՆ»

«Փաշինյանական իշխանությունը Հայաստանին գցել է տիեզերական մենության վիճակի մեջ, բայց այս ողբերգական իրավիճակում հանկարծ հայտնվում է մի մարդ, որը կոտրում է գործող իշխանության խաղը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ կասեք Հայաստանում տիրող իրավիճակի, առկա գործընթացների մասին:

- Հայ ժողովուրդը վերջին մի քանի տարիներին ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակաշրջաններից մեկը։ 2018-ին ես զգուշացնում էի, որ փողոցից իշխանության եկած խառնախումբը վերջնական արդյունքում կործանման կտանի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ հայկական պետությունը։ Հենց այդ ուղղությամբ էլ, ցավոք, շարժվում ենք։ Իհարկե, այն ժամանակ՝ 2018-ին, ես կարծում էի, թե Փաշինյանն իր թիմով երկար չի մնա, քանի որ լինելով դեմագոգներ ու պոպուլիստներ, լիառատ խոստումներ տալով և՛ արմատապես բարելավել կյանքը, և՛ վերացնել կոռուպցիան, և՛ երկրում հաստատել ազնիվ ժողովրդավարական կարգ՝ երեք միլիոն վարչապետների մասնակցությամբ, նրանք ոչինչ չեն անի։ Եվ ողջ այդ բարբաջանքը երկար չի տևի։ Ինչպես որ ժողովուրդը, հրապուրվելով, իշխանության բերեց այդ մարդկանց, այնպես էլ հիասթափվելով, հասկանալով, որ փաշինյանական իշխանությունը ոչ մի բանի ընդունակ չէ, կհեռացնի նրանց իշխանությունից։

Ավաղ, այն ժամանակ ես չենթադրեցի, որ այս իշխանությունը կարող է ավելի երկար մնալ։ Ինչի՞ հաշվին: Պատերազմը, ծանր, խայտառակ պարտությունը, հսկայական տարածքների կորուստը, հազարավոր երիտասարդների մահը հոգեբանական հրեշավոր վիճակի մեջ գցեցին, վախով համակեցին մեր ժողովրդին։ Եվ Փաշինյանն օգտագործեց այդ վախը՝ ասելու համար. կա՛մ դուք նորից կընտրեք մեզ, կա՛մ պատերազմ կլինի, և է՛լ ավելի շատ զոհեր կունենաք։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ մարդիկ իշխանության եկան կամ պահպանեցին իշխանությունը՝ մեկ անգամ ևս վախեցնելով սեփական ժողովրդին, ըստ էության՝ հայտարարելով. այո, մենք ձեզ նվաստացրեցինք, մենք ձեզ ծաղրի առարկա դարձրեցինք միջազգային հանրության աչքում, այո, թշնամիները հաղթանակ են տոնում, բայց մի՞թե ուզում եք, որ կրկին ձեր երեխաները զոհվեն։ Քանզի մենք անկարող ենք պաշտպանել մեզ: Եվ եթե դուք չեք ցանկանում դա, ապա կատարեք ընտրությունը հօգուտ մեզ:

Ժողովրդին բացատրություն տալու փոխարեն, թե ինչու իրենք պատրաստ չգտնվեցին պատերազմին, ինչու ջախջախիչ պարտություն կրեցին, ով պետք է պատասխան տա դրա համար, Փաշինյանն ու իր թիմակիցները շանտաժեցին ժողովրդին, թե՝ ընտրեք մեզ, մենք ամեն ինչ կանենք, որ պատերազմ չլինի, այլապես պատերազմ լինի, և ձեզ ավելի մեծ կորուստներ են սպասվում։ Սակայն բանն այն է, որ նրանք խաղաղություն խոստացան, բայց խաղաղություն չստացան։ Որովհետև Նիկոլի ազդարարած «խաղաղության դարաշրջանից» հետո ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Պարզվեց, որ Ադրբեջանի ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։

-Ախր դա կարելի էր կանխատեսել, այնպես չէ՞։

-Անշուշտ։ Պատերազմից հետո և պատերազմի ժամանակ Հայաստանում մտածող, պատասխանատու մարդիկ, որոնք ձգտում էին դիմակայել երկիրը, ժողովրդին, պետությունը կործանող փաշինյանական իշխանությանը, ասում էին, թե ինչ է լինելու հետո, եթե Նիկոլը մնա։ Սակայն այն ժամանակ, ցավոք, կուսակցություններն ու քաղաքական ուժերը չկարողացան պայմանավորվել, մենք տեսանք հավակնությունների բախում և այլն, ինչից Փաշինյանը ճարպկորեն օգտվեց։ Եվ օգտագործելով ժողովրդի վախը, խեղճ մարդկանց ճնշվածությունն ու ընկճվածությունը, կրկին հաղթեց ընտրություններում և վերահաստատեց իր իշխանությունը։

Մինչդեռ պարզ էր նաև այն, որ սա արդեն այն իշխանությունը չէ, որին 2018-ին սպասում էին որպես փրկիչների. իբր՝ այ կգան, կփրկեն Հայաստանը, կվերականգնեն ամեն ինչ, կփրկեն Ղարաբաղը... Արդյունքում, վերահաստատվելուց հետո, այս իշխանությունն անդադար տանում էր դեպի անդունդ, չունենալով, ճիշտ է, լրջորեն կազմակերպված, ինստիտուցիոնալ ձևավորված ընդդիմություն։ Եվ իհարկե, դա հանգեցրեց հայկական երկրորդ հանրապետության՝ Արցախի կորստի, հանգեցրեց արցախահայության ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման, Արցախի տոտալ հայաթափման։ Այս ողբերգությունը նույնպես փաշինյանական իշխանության խղճի վրա է, որը, բացի ամենից, վերածում է Հայաստանը քաղբանտարկյալներով լի բանտերով, ավտորիտար ռեժիմով և կոշտ բռնապետությամբ պետության։ Գումարած կամայականությունը։ Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ փաշինյանական իշխանությունն ինքն է ցուցաբերում հրեշավոր կոռուպցիայի և գանձագողության օրինակներ, պարգևատրելով ինքն իրեն հարյուր միլիոնավոր դրամներով։ Ժողովուրդը չէր կարող դա չտեսնել, դժգոհությունը կուտակվում էր, բայց չկար առաջնորդ, չկար ինստիտուցիոնալ ձևավորված ընդդիմություն, որը կկարողանար հույս տալ ժողովրդին, երբ վերջինս տենչում էր, որ իրեն փրկեն «գունավոր հեղափոխությամբ» իշխանությունը զավթած և Հայաստանը համաշխարհային բացարձակ մեկուսացման մեջ գցած այս թալանչիներից։

-Ի՞նչ նկատի ունեք՝ «համաշխարհային բացարձակ մեկուսացում» ասելով:

- Փաշինյանականները հայտարարում են, թե Արևմուտքը մեզ կօգնի, իսկ այդ ժամանակ Արևմուտքն օգնում է Ադրբեջանին։ Նրանք ասում են, թե Ռուսաստանը թշնամի է, մինչդեռ Ռուսաստանը միակ պետությունն է, որը որոշակի շահ ունի հայկական պետության պահպանման հարցում։ Փաշինյանական իշխանությունը Հայաստանին գցել է տիեզերական մենության վիճակի մեջ։ Բայց այդ ողբերգական իրավիճակում հանկարծ հայտնվում է մի մարդ, որը կոտրում է գործող իշխանության խաղը։

Տեսեք, Փաշինյանը շարունակ խաղում է այն բանի վրա, թե իբր՝ եթե մենք չլինենք, ապա կվերադառնան «նախկինները», կթալանեն, կնվաստացնեն և այլն։ Թեև ինքը՝ Նիկոլն ու իր հանցախումբը հասցրել են ազգին այնպիսի վիճակի, որ ոչ մի «նախկիններ» մոտ անգամ չեն եղել հանցագործությունների և դավաճանության նման մասշտաբների։ Բայց ինչևէ, «ներկաների» ու «նախկինների», «կոռուպցիոներների» և «ազնիվների» թեմայով բանավեճը չեղարկվում է նրանով, որ հայտնվում է համաժողովրդական առաջնորդ, հոգևորականության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս, որին ոչինչ չես կպցնի. ո՛չ կոռուպցիա, ո՛չ թալան, ո՛չ բռնություն։

Բագրատ Սրբազանը գլխավորեց համաժողովրդական Շարժումը՝ հայտարարելով. բա՛վ է նվաստացնել ազգին, բա՛վ է ամեն ինչ հանձնել, բա՛վ է վախեցնել ժողովրդին, բա՛վ է շանտաժել մարդկանց։ Ժողովուրդն արդեն հասկացել է, որ Նիկոլի առաջ մղած գաղափարը, թե իբր՝ ազատվենք Արցախի բեռից, լավ կապրենք, սնանկ է։ Ալիևն ուզում է զավթել ամբողջ Հայաստանը՝ անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Իսկ Նիկոլն ու իր թիմն արդեն հատում են բոլոր կարմիր գծերը՝ հայկական տարածքների հանձնումից մինչև բացահայտ, լկտի ոտնձգություն հայ ժողովրդի ազգային ինքնության, պատմության և Եկեղեցու դեմ։ Եվ ժողովուրդն ասաց՝ բա՛վ է։ Ասում են, որ եթե կա առաջնորդների պահանջարկ, ապա վաղ թե ուշ նրանք կհայտնվեն։

Եվ ահա հայտնվեց առաջնորդ՝ հոգևոր դասից, որոշելով իսկապես վերականգնել ժողովրդի պատիվը, պետության հիմքերը, թույլ չտալ ազգային հոգևոր առանցքի հետագա քայքայում և կործանում։ Բագրատ Սրբազանը հրապարակում հավաքեց ավելի շատ մարդ, քան երբևէ հավաքել է Փաշինյանը. դա չի կարող չուրախացնել։ Քանզի դա վկայությունն է այն բանի, որ ժողովուրդն իսկապես ոտքի է կանգնել, թոթափում է վախը։ Այդ ուժը, այդ էներգիան, փոփոխությունների պահանջարկը ոչ մի դեպքում չպետք է ավազի տակ անցնեն...