«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից ռուսական սահմանապահ ստորաբաժանումների դուրսբերումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նշենք, որ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կայացավ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այս փաստն իշխանական քարոզչամեքենան և իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո` նախ անտեսելով մի կարևոր հանգամանք, թե այդ ինչպես և ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում, մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։

«Իրականում խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սևով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»»,– գրում է թերթը։

Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:

Sputnik Արմենիա