ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԿՈՐՑՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է ԴԱ
Մայիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին կկորցնի իր լեգիտիմությունը, քանի որ այդպես էլ չհամարձակվեց նախագահական ընտրություններ անցկացնել ռազմաճակատում պարտության պայմաններում։ Չնայած ֆինանսական օգնություն հատկացնելու ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը՝ Կիևն առաջվա պես սպառազինության պակաս ունի, մինչդեռ Արևմուտքում ազդեցիկ պարբերականները գրում են, որ մայիսի վերջին - հունիսի սկզբին ՀՌԳ-ը լայնածավալ գրոհ է ծրագրում Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ։ Ըստ ֆրանսիական պարբերականների վերջին հրապարակումների՝ գրոհին կմասնակցի մոտ 50 հազար զինվոր, Ռուսաստանում վստահ են, որ այդ թիվը խիստ նվազեցված է։
Այն մասին, որ ամռան ամիսները վճռորոշ կլինեն Ուկրաինայում իրավիճակի հստակեցման գործում, գրվել է բազմիցս։ Նախընտրական գործընթացներն ԱՄՆ-ում, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում բնավ նպաստավոր խորապատկեր չեն ստեղծում նոյեմբերի 5-ի քվեարկությանը ամերիկացիների շահագրգիռ մասնակցության համար։ Մասնագետներն արդեն այսօր կանխատեսում են բավական չափավոր մասնակցություն, եթե, իհարկե, մինչև աշուն ֆորս-մաժոր տեղի չունենա։ Ասեմ ավելին. ազդեցիկ պարբերականներն արձանագրում են միջին վիճակագրական ամերիկացիների հետաքրքրության անկում Բայդենի և Թրամփի մրցակցության նկատմամբ։ Թրամփի վերջին հրավերը (նա բանավեճի հրավիրեց Բայդենին) բուռն արձագանք չառաջացրեց, ժողովուրդը հոգնել է այդ տարեց զույգից՝ իր սկանդալներով ու փոխադարձ կշտամբանքներով, իսկ բացի այդ՝ ամերիկացիները հոգնել են պատերազմներից, հատկապես Ուկրաինայի պատերազմից…
Հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի աղետալի վիճակը՝ ոչ ոք ապահովագրված չէ, որ շատ շուտով բնական համալրումը պարզապես կդադարի։ Ուկրաինացիները չեն ցանկանում կռվել, Մակրոնի այն հայտարարությունը, թե Ուկրաինայի կողմից կարող են կռվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների (բայց ոչ բուն ՆԱՏՕ-ի) ստորաբաժանումները, կախվեց օդում, Լեհաստանի և Բալթյան երկրների առանձին ստորաբաժանումները եղանակ չեն ստեղծում: Ուկրաինայի պարտությունը փաստ է, որի հետ Արևմտյան կոալիցիան չի ցանկանում համակերպվել, այլապես ստիպված կլինի բանակցային սեղանի շուրջ նստել Պուտինի պայմաններով, իսկ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները դա դժվար թե տեղի ունենա: Ի դեպ, նոյեմբերի 5-ին կայանալիք քվեարկության նախօրեին ՀՌԳ-ը կարող է շքերթ կազմակերպել Կիևի կենտրոնական փողոցներով՝ պատկերավոր ցույց տալով ամերիկացիներին, թե ով է պայմաններ թելադրելու աշխարհի նոր վերաբաշխման դեպքում…
Այսպիսին է ռազմաճակատում իրավիճակի զարգացման իրական հեռանկարը, որն անհնար է փոփոխել Կիևին տրամադրվող օգնության նոր փաթեթով։ Իսկ այն փաստը, որ հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում է ոչ լեգիտիմ նախագահ, առանձնահատուկ նրբերանգ է հաղորդում իրավիճակին։ Արևմտյան ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հայտնվել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ուկրաինական գահի այլ հավակնորդների հետ արևմտյան քաղաքական գործիչների սեպարատ բանակցությունների մասին:
Չի բացառվում, որ նախքան ԱՄՆ նախագահական ընտրություններն Արևմուտքին անհրաժեշտ լինի նոր խամաճիկ, որին կարելի է նստեցնել Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի նրա միջոցով թելադրեն իրենց պայմանները: Պատերազմի շարունակումը բացարձակ արկածախնդրություն է և հետևանք այն բանի, որ արևմտյան կոալիցիան չգիտի, թե ինչպես ավարտել դա՝ առանց դեմքը կորցնելու: Այստեղից էլ զառանցալից կանխատեսումներն այն մասին, թե նոր մատակարարումները կհանգեցնեն դիմադրության ուժգնացման և Ուկրաինայի զինված ուժերի նոր գրոհի։
ՊՈՒՏԻՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԺԱՄԱՆԱԿԸ ԽԱՂՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԵՄ։ Ուկրաինայում պատերազմի շարունակումը իրողություններին համակերպվելու արևմտյան կոալիցիայի ցանկության բացակայության հետևանքն է։ Ամերիկյան հետախուզությունը համառորեն կրկնում է, թե Պուտինը Ուկրաինայում ոչ ռազմավարական միջուկային զենք կիրառելու ծրագիր չունի, իբր՝ ոչ ռազմավարական միջուկային սպառազինությամբ զորավարժությունները լոկ ահաբեկման նպատակ են հետապնդում։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ԱՄՆ-ը միջուկային հարվածներ հասցրեց Հիրոսիմային և Նագասակիին, համաշխարհային հանրության մտքով անգամ չէր անցնում, որ նման բան հնարավոր է…
Հետաքրքիր է, իսկ ո՞վ կարող է խանգարել Ռուսաստանի առաջնորդին, երբ Սպիտակ տունն անկարող է ազդել նույնիսկ Իսրայելի ղեկավարության վրա, ուստի ստիպված է դադարեցնել զինամթերքի մատակարարումը...
Եթե Զելենսկին կորցնելու է լեգիտիմությունը մայիսի 20-ին՝ կապված նախագահի պաշտոնում իր լիազորությունների ժամկետի ավարտի հետ, ապա Փաշինյանը փաստացի առաջ է անցել նրանից։ Հայաստանում ապրիլի վերջին սկսված իրադարձությունները մայիսի 9-ին նշանավորվեցին բազմահազարանոց հանրահավաքով Երևանի գլխավոր հրապարակում: Հանրահավաքը սկիզբ դրեց համաժողովրդական պայքարի նոր փուլին՝ իշխող վերնաշերտի պարագլխի հրաժարականի պահանջով, որը Տավուշում 4 գյուղ է հանձնում, շրջանցելով Սահմանադրության և սահմանազատման-սահմանագծման միջազգային իրավական նորմերի պահանջները։
Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները՝ Սահմանադրության պահանջների շրջանցումով, այդ հանգամանքը նրան զրկում է լեգիտիմությունից (չշփոթել լեգալության հետ)։ Խամաճիկային ռեժիմի պարագլուխը սպասարկում է թշնամական պետությունների շահերը, ուստի նոր շարժման մասնակիցների կողմից նա հայտարարված է օրենքից դուրս։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը կատարյալ լեգիտիմ է, քանզի գործում է Հիմնական օրենքի բոլոր նորմերի պահպանումով՝ ժողովրդի աջակցությամբ:
Մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների առաջարկությամբ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնամուխ է եղել Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգի իրականացմանը՝ Սահմանադրության պահանջներին համապատասխան։ Ճիշտ է, այդ ճանապարհին կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, սակայն բուն Շարժումը, նրա առաջնորդն ու ներկայացվող պահանջները բացարձակ լեգիտիմ են։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը կոչված է ցույց տալու միջազգային հանրությանը, որ Փաշինյանը, իր կուսակցությունն ու իր կառավարությունը իրավունք չունեն խոսել և գործել հայ ժողովրդի անունից։