ՀՀ բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հայաստանի բնակիչների կեսից ավելին հավանություն է տվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, վկայում է MPG/Gallup International Association-ի կողմից մայիսի 13-14-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1 000 մարդ։

Ըստ MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի՝ Գալստանյանի շարժմանը լիովին դրական է վերաբերվել հարցվածների 35,1%-ը, ավելի շուտ դրական՝ 17,8%-ը, ավելի շուտ բացասական՝ 23,5%-ը, ավելի շուտ բացասական՝ 10%-ը, իսկ 13,6%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների մեծ մասը, սակայն, դժգոհել է շարժման ակտիվիստների կողմից ճանապարհների ու փողոցների փակումը։ Նրանց 55,7%-ը լիովին բացասական է արտահայտվել, 38%-ը հավանություն է տվել, իսկ 6,3%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցման համաձայն՝ հայաստանցիների գրեթե կեսը դատապարտել է ոստիկանության գործողությունները բողոքի շարժման ակտիվիստների նկատմամբ։

Հարցվածների 26,9%-ը լիովին բացասաբար է վերաբերվել քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին կալանավորելուն, իսկ 19,6%-ը՝ ավելի շուտ բացասական։ Ոստիկանության գործողությունները լիովին հավանության են արժանացել քաղաքացիների 14,3%-ի կողմից, ավելի շուտ դրական է գնահատել հարցվածների 21,5%-ը, իսկ հարցվածների 17,7%-ը դժվարացել է պատասխանել։

Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան, ուր հասան մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք իրականացրեցին՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։

Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։

Armenia Today