Անդրեյ ԱՐԵՇԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՉՍՐԵԼ ԱՌԿԱ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Փաշինյանի` Մոսկվա կատարած այցը և նշել, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար կարևոր են անվտանգության խնդիրները և քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը։
«Փաշինյանի այդ այցը քննարկվել և բավականին վաղուց ծրագրված է եղել։ Մենք գիտենք, որ տարբեր տեսակետներ են հնչել կոնկրետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, այդ թվում ՝ երկկողմ հանդիպման շուրջ, որը տեղի ունեցավ մայիսի 8-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի ավարտին։ Կան տարբեր և բազմաբնույթ ենթադրություններ, քանի որ պաշտոնական տեղեկությունը բավականին քիչ է։ Մենք միայն տեսնում ենք, որ բանակցությունների մեկնարկից առաջ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների քանակական աճ է արձանագրվել։
Կցանկանայի այստեղ նշել, որ այս տվյալները կարող են մեկնաբանվել տարբեր ձևերով: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ առևտրատնտեսական կապերի նույնիսկ քանակական աճն ամենևին չի նշանակում վստահության և փոխըմբռնման աճ այլ հարցերի շուրջ։Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար ոչ պակաս կարևոր են, մասնավորապես, անվտանգության խնդիրները և քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, որոնք բավականին քաոսային են ընթանում։
Հանդիպումից հետո տարբեր հայտարարություններ եղան երկու կողմերից, այդ թվում՝ ռուսական կողմից, գիտենք, որ Սյունիքի հայ-ադրբեջանական սահմանագծից ռուսական սահմանապահ կետերի դուրսբերումը հաստատվել է, չնայած այն հանգամանքին, որ նրանք շարունակում են մնալ Իրանի և Թուրքիայի սահմանային գոտում։ Այսինքն՝ պահպանվել են 1997 թվականի հիմնական պայմանագրի դրույթները և մի շարք այլ պայմանագրեր։
Ինչ վերաբերում է այլ ենթադրություններին ու տարաբնույթ մեկնաբանություններին, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ, իհարկե, ավելի պարզությունը չէր խանգարի։ Ակնհայտ է, որ կողմերը, համենայնդեպս՝ ռուսական կողմը, փորձում են չսրել առկա տարաձայնությունները, որոնք, անշուշտ, կան, և կենտրոնանում են դրականի վրա, որն առաջին հերթին կապված է տնտեսական հարաբերությունների հետ։ Թե որքան արդյունավետ կլինի նման մարտավարությունը, ցույց կտա մոտ ապագան»,- նշել է Արեշևը։