ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐԿԱԲԱՑ ՍՊԱՍԵԼ ՄԵԶ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ի՞ՆՉ ԿՏԱ ԵԱՏՄ-ՈՒՄ ՄՆԱԼԸ

Այն շուկան, որի մասին ԱՄՆ–ն ու Եվրոպան երազում են, այսօր բաց է Հայաստանի առաջ, ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է ՀՀ–ն հրաժարվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին քաղաքական հայտարարությունները։

«Մենք որևէ խնդիր չենք լուծի ԵԱՏՄ–ից դուրս գալով, և նույն եվրոպացիներն ու ամերիկացիները դեմ չեն, որ Հայաստանը համագործակցի ու տնտեսական կապեր ունենա ԵԱՏՄ–ի և անգամ Իրանի հետ»,– ասաց Մանասերյանը` հիշեցնելով, որ նույնիսկ արևմտյան վեկտորի կողմնակից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանն է հայտարարել, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին Հայաստանի համար այլընտրանք չունի, և որ դա է թույլ տվել մեր երկրին հասնել մեծ հաջողությունների։

Անդրադառնալով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության 10 տարվա արդյունքներին` Մանասերյանը նշեց, որ 2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով և կազմել է 7 մլրդ 615 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 40 տոկոսով։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հաջորդ 10 տարվա առաքելությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ դրանք պետք է լինեն խնդիրները հաշվառելու ու լուծումներ գտնելու տարիներ։

«ԵԱՏՄ–ում խնդիրները բազմաթիվ են, չի կարելի ասել, թե ամեն ինչ հրաշալի է, և մենք գտնվում ենք դրախտում։ Մենք զարգացման բավական լուրջ հնարավորություն ստացանք, և թվերը հենց դրա մասին են վկայում, բայց մենք շատ նոր հնարավորություններ կարող ենք ունենալ, եթե այդ խնդիրները լուծենք»,– ասաց Մանասերյանը։

Նա նաև կարևորեց մրցակցային կարողությունների զարգացումը` նշելով, որ առաջիկա 10 տարիները համաշխարհային տնտեսության մեջ դաժան մրցակցության տարիներ են լինելու, ուստի ԵԱՏՄ–ն պետք է պատրաստ լինի դրան, հատկապես բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ասպարեզում` թե՛ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի, թե՛ առանձին անդամ պետությունների ազգային տնտեսությունների և թե՛ առանձին կազմակերպությունների մակարդակով։

«Եթե անկեղծ լինենք, Հայաստանի տնտեսությունը զիջել է իր երբեմնի դիրքերը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում։ Ե՛վ Բելառուսն է մեզանից առաջ անցել, և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանն է վաղուց արդեն առաջ անցել։ Հայաստանն այսօր մրցունակության առումով, մեղմ ասած, չի կարող փայլել։ Մենք ոչ մի ճյուղում այսօր մրցունակ չենք։ Մրցունակության մակարդակն այսօր զրոյից ցածր է` մինուս։ Մենք բոլոր ուղղություններով պետք է նորից սկսենք հաշվառել մեր մարդկային, ֆինանսական, արտադրական ռեսուրսները։ Այսինքն` զրոյից պետք է սկսենք, քանի որ եթե այդ ռեսուրսների մասին գաղափար չունենք, ուրեմն նույնիսկ չենք ճանաչում այն երկիրը, որում ապրում ենք։ Այս իմաստով մեզ մոտ հիմա վակուում է և անորոշություն, ինչը տնտեսական ավտանգության համար լրջագույն սպառնալիք է»,–արձանագրեց Մանասերյանը։

Նրա դիտարկմամբ` թեև Հայաստանը փոխադարձ առևտրի ցուցանիշներով առաջատարներից է ԵԱՏՄ–ում, սակայն, այդ աճի հիմնական գործոնը վերարտահանումն է։ Միևնույն ժամանակ անկում են ապրում տնտեսության հիմնական ճյուղերը` գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անգամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը դարձյալ վկայում է արդյունաբերության ծավալների կրճատման մասին։ Բնակչության սոցիալական վիճակն էլ վատանում է։

«Սրանից վատ արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել։ Եթե մենք ուզում ենք համեմատվել հատկապես եվրոպական երկրների հետ, Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել այն երկրին, որը բազում խնդիրներ ունի և այդ խնդիրներով գալիս է իրենց հաշվին հարց լուծելու։ Որևէ մեկին իր խնդիրներով չեն սպասում Եվրոպայում, այնպես ինչպես Վրաստանին ու մյուսներին»,– ընդգծեց Մանասերյանը։

Sputnik Արմենիա