ԱՐՅՈՒՆՈՏ ԲՌՆԱԿԱԼԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ

Մենք արդեն գրել ենք բռնապետների ընկալման և լեզվի առանձնահատկությունների, շուրջը տեղի ունեցող ամենի շրջված ըմբռնման և իրադարձությունների ու գործողությունների խիստ աղավաղված ու կողմնակալ գնահատման մասին, երբ մի բռնապետը պատրաստ է արդարացնել մյուսի բոլոր սրբապղծությունները... Հիրավի զարմանալի ֆենոմեն, քանզի նորմալ, ողջամիտ մարդը չի կարող ասել մեկ բան, իսկ նկատի ունենալ ճիշտ հակառակը։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ

Դեռեվս 2021 թվականին՝ հազարավոր վարձկան իսլամիստ-արմատականների գործարկմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական արյունալի սանձարձակությունից, մեղմ ասած՝ «44-օրյա պատերազմից» մի քանի ամիս անց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Բելառուսի օգնությանը։ Ընդ որում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան (որի ընթացքում երկու կողմից զոհվեցին հազարավոր մարդիկ) և միջազգայնորեն չճանաչված հանրապետության մի մասի բռնազավթումը «Բատկան» անվանեց ոչ այլ կերպ, քան «խաղաղ կարգավորում»։

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ ձեզ հաջողվեց այնտեղ կայունացնել իրավիճակը և հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման...»,- ասաց Լուկաշենկոն ու բնավ չամաչեց:

Բայց այս անգամ Բաքվում արյունալի բռնապետի հետ հանդիպման ժամանակ «Բատկան» կարողացավ գերազանցել ինքն իրեն։ Երբ լսում ես ս.թ. մայիսի 16-ին Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում Բաքվի ռեժիմի պարագլուխ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահի ելույթի ձայնագրությունը, կարող է թվալ, թե հանկարծ հայտնվել ես մեկ այլ իրականության մեջ, ինչ-որ շրջված, զուգահեռաբար գոյություն ունեցող աշխարհում, չար, հեքիաթային Անդրհայելային թագավորությունում։

«Մենք շփվում ենք որպես եղբայրներ, մենք միանման ենք ընկալում աշխարհը, հասկանում, թե դեպի ուր է այն շարժվում»,- սկզբի համար անկեղծորեն խոստովանեց Լուկաշենկոն իր գործընկեր բռնապետին: Այնուհետ՝ ավելին. «Գիտեք, ես ձեզ ասել եմ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևի մասին. եթե նա տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը... Ես դեռ մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայաբար զրուցում էինք ճաշի ընթացքում։ Այն ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պատերազմում հաղթել կարելի է։ Դա կարևոր է: Շատ կարևոր է պահպանել այդ հաղթանակը։ Բայց, երրորդ՝ մենք համակարծիք էինք, դուք այն ժամանակ անդրադարձաք այդ հարցին, որ պատերազմից հետո սկսվելու է ամենածանր ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել այն հողերը, որոնք դուք ազատագրել եք, վերածնունդ սկսել։ Եվ հիմա եկել է հենց այդ ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է վերադարձնել մարդկանց... Հիմա է պետք վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, դա հինգ և գուցե տասը տարում էլ դժվար է ամբողջությամբ իրագործել: Այնպես որ, Իլհամ Հեյդարովիչ, եթե մենք ինչ-որ բանում կարող ենք օգնել... եթե մենք կարող ենք ընկերական հիմունքներով մասնակցել դրան. տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր...»:

Այսինքն Լուկաշենկոն (որի համար, դատելով ամենից, խաղաղ մարդկանց զանգվածաբար սպանելը նշանակում է «խաղաղ կարգավորել հակամարտությունը», ամբողջ քաղաքներ ու գյուղեր ոչնչացնելը նշանակում է «վերակենդանացնել» հողերը, իսկ բռնազավթումն ու էթնիկ զտումները նշանակում են «ազատագրական պատերազմ» և «տարածքային ամբողջականության վերականգնում») իր օգնությունն է առաջարկում Ալիևին հազարամյակներ շարունակ իր Հայրենիքում ապրած ազատատենչ քրիստոնյա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ցեղասպանության արդյունքների ամրագրման գործում։

Ակնհայտ է, որ «Բատկային» բոլորովին չի հուզում այն փաստը, որ 2022թ. դեկտեմբերից մինչև 2023թ. սեպտեմբեր Արցախի գրեթե տասամսյա միջնադարյան շրջափակման-պաշարման հետևանքով թերսնումից, հիվանդություններից և ալիևյան ռեժիմի կողմից արհեստականորեն ստեղծված այլ պատուհասներից, դժվարություններից ու զրկանքներից մահացել են երեխաներ, այդ թվում՝ չհասցնելով լույս աշխարհ գալ, մոր արգանդում։ Լուկաշենկոն նաև «չի նկատել», որ սեպտեմբերի 19-20-ին ցեղասպանության ավարտական փուլում Բաքվի «տեղային հատուկ գործողության», իսկ իրականում Արցախի ժողովրդի դեմ հրետանու և ավիացիայի կիրառմամբ լայնածավալ հարձակման ժամանակ խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, փաստացի դարձել է Ադրբեջանի «լեգիտիմ ռազմական թիրախը». սպանվել է արցախցի վեց երեխա, շատերը վիրավորվել են...

Այսինքն արտաքին աշխարհից մեկուսի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի վերածված վայրում ուժասպառ, հյուծված խաղաղ բնակիչները՝ կանայք, տարեցներն ու երեխաները այդուհետ ենթարկվեցին նաև զինված, ըստ էության՝ ահաբեկչական հարձակման և ստիպված եղան լքել պատմական Հայրենիքը՝ միանգամից կորցնելով ամեն ինչ. տունը, դարավոր պատմությունը, Հայրենիքը, նախնյաց շիրիմները

Մարդկության դեմ հենց այդ հանցագործության արդյունքներն ամրապնդելու գործում է օգնություն առաջարկում Լուկաշենկոն։ Հենց Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների, վանքերի, խաչքարների և գերեզմանատների դեմ շարունակական պատերազմին, հայոց դարավոր երկրամասում հայկական հետքի ջնջման նպատակաուղղված գործընթացին, եզակի հուշարձանների բարբարոսաբար ոչնչացմանը, հնագույն և ժամանակակից մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրմանը և այլ սրբապղծություններին է Լուկաշենկոն պատրաստ մասնակցել Ալիևի հետ «ընկերական հիմունքներով»։

Ըստ երևույթին, Բաքվի արյունոտ բռնակալի դափնիները հանգիստ չեն տալիս Լուկաշենկոյին։ Ինչ վերաբերում է անձամբ Ալիևին, ապա նրան, հավանաբար, իսկապես սպասում են «ամենածանր ժամանակներ», բայց այլ՝ մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխան տալու առումով։