«Հրապարակ». Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՑՐԵԼՈՒ, ԾԵԾԵԼՈՒ ԻՆՍՏՐՈՒԿՏԱԺԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում և ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետևում այդ աշխատանքներին, և ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։

Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերևս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսևորում ոստիկանական վայրագություններին և երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է»:

News.am