ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ, ՏԵՂԱՀԱՆՈՒՄ. ՏԱՎՈՒՇՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ հանրային ուշադրության կենտրոնը Երևանից կրկին փոխադրվեց Տավուշի Կիրանց գյուղ, որտեղ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն արագացված տեմպով թշնամուն են հանձնում երկրի տարածքները։ Կարճ դադարից հետո լրահոսը կրկին ողողվեց գյուղից ստացվող հաղորդագրություններով ու տեսանյութերով, որոնք ցույց են տալիս իրապես աղետալի վիճակը. VIII դարի եկեղեցին՝ «սահմանից» մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, նոր կառուցվող դպրոցը՝ ոտքով մեկ րոպեից պակաս քայլելու հեռավորության վրա, մի քանի ընտանիքների տրվել է մեկ ամիս՝ իրենց տներն ազատելու համար, դրանք թողնելով ադրբեջանցիներին

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍ-ՄԱՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ։ Շարունակում է, չնայած հասարակական ահռելի դժգոհությանը, զանգվածային բողոքներին, միանշանակ սոցհարցումներին... Չնայած բազմաթիվ փորձագետների կարծիքներին, որոնք համոզիչ կերպով ապացուցում են նման «սահմանազատման» անօրինականությունն ու հակասահմանադրականությունը, ինչն ընդ որում իրականացվում է միջազգային համապատասխան նորմերի խախտումով, ինչպես նաև նախազգուշացնում են հայոց պետականության և ՀՀ բնակչության անվտանգության համար այդ գործընթացի կործանարար հետևանքների մասին:

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Կիրանցի մատույցներում, ստիպեց կրկին հիշել 1991 թվականի գարնանն ու ամռանը Արցախում իրականացված «Կոլցո» ռազմա-ահաբեկչական չարաբաստիկ գործողությունը: Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Տավուշի մարզում կատարվող ամենը իր մեթոդներով ու նպատակներով շատ նման է նրան, ինչ 33 տարի առաջ անում էին Արցախի տասնյակ գյուղերում ադրբեջանական ՕՄՕՆ-ի հանցախմբերը և խորհրդային զորքերը, և որ այդ ամենը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն։ Երեկվա իրադարձությունները է՛լ ավելի ուժգնացրին այդպիսի ընկալումը, ընդ որում առաջացնելով հստակ մտահոգություններ, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին ու շաբաթներին:

Հիշեցնեմ, որ կիրակի օրը ընդդիմադիր 6 պատգամավորներ, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցությունից, մեկնել էին Կիրանց, աջակցելու բարդագույն իրավիճակում հայտնված գյուղացիներին: Նրանցից ոչ մեկին թույլ չեն տվել մտնել գյուղ. ոստիկանները խիտ ջոկատաշղթայով փակել են Կիրանց տանող ճանապարհը՝ հայտարարելով, որ մուտքը թույլատրվում է միայն այնտեղ գրանցված քաղաքացիներին: Չեն կարողացել անցնել նաև նույն նպատակով ժամանած մշակույթի գործիչների խումբը և մամուլի ներկայացուցիչները:

Որպես հիմնավորում բերվում էր այն հանգամանքը, թե «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ» և «ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»: Արդյունքում մշակույթի գործիչները ստիպված են եղել վերադառնալ Երևան, իսկ պատգամավորները գյուղ են հասել «այլընտրանքային ճանապարհով»՝ անտառներով ու դաշտերով։

Այս ամենը, ընդգծեմ, տեղի է ունենում անկախ եվ ինքնիշխան Հայաստանի տարածքում. անձնագրային հսկողություն (ինչպեսև «Կոլցո» գործողության ժամանակ), գյուղի փաստացի շրջափակում (ինչպեսև «Կոլցո» գործողության ժամանակ), կիրանցցիների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի տոտալ ոտնահարում (ինչպեսև «Կոլցո» գործողության ժամանակ), լրատվամիջոցների կողմից իրադարձությունների լուսաբանման փաստացի արգելանք (ինչպեսև «Կոլցո» գործողության ժամանակ), վերջապես՝ մարդու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում (ինչպեսև «Կոլցո» գործողության ժամանակ)։ Թվարկումը կարելի է շարունակել, բայց զուգահեռնարն առավել քան ակնհայտ են։

Այն հարցը, թե ինչպես կարող են ազդել տվյալ բնակավայրում չգրանցված քաղաքացիների անվտանգության վրա սահմանապահների նախապատրաստական աշխատանքները, տալն անիմաստ է։ Իրավիճակն իսկապես անհեթեթ է. ստացվում է, որ այդ աշխատանքները վտանգավոր են նրանց համար, ովքեր չեն բնակվում Կիրանցում, բայց միանգամայն անվտանգ են իրենց՝ բնակիչների համար: Այլապես ինչո՞ւ վերջիններիս ժամանակավորապես դուրս չեն բերել «օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով»։

Շատ ավելի տրամաբանական է մեկ այլ բացատրություն. գյուղում պատգամավորների, հասարակության ներկայացուցիչների և լրագրողների առկայությունը վտանգավոր է հենց փաշինյանական ոհմակի հակահայկական ծրագրերի իրականացման համար։ Եվ գյուղ մտնելու արգելքը կապված է այն մտավախության հետ, որ դավաճանների ռեժիմի կողմից կատարվող ապօրինությունները կբախվեն խոչընդոտների։ Իսկ Նիկոլին հույժ անհրաժեշտ է հնարավորինս արագ կատարել իր մոտակա ու հեռավոր տերերի բոլոր հրամանները, որոնք շտապեցնում են իրեն՝ վախենալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հաջողությունից։

Այդ իսկ պատճառով, որքան էլ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը փորձեն հիմնավորել իրենց գործողությունները Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածով, չնչին իսկ կասկած չկա, որ մեզ կրկին ստում են։ Քանզի, ինչպես արդարացիորեն նկատեց պատգամավորներից մեկը, եթե ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, ապա ինչո՞ւ մարդկանց չեն թողնում մտնել գյուղ։ Ինչո՞ւ է նորից ամեն ինչ արվում գաղտագողի. որոշումը, հիշեցնեմ, կայացվել է գիշերը, իսկ հիմա զգուշանում են անցանկալի վկաների՞ց։

ՎԵՐՋԱՊԵՍ, ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՅԴՈՒՀԵՏ. «Կոլցո»-ի շրջանակներում արցախյան շուրջ 30 գյուղերից յուրաքանչյուրում իրականացված գործողությունների արդյունքը տեղահանությունն ու էթնիկ զտումներն էին՝ տարածքները զավթելու նպատակով։ Այն, ինչ այսօր կատարվում է Կիրանցում, իսկ վաղը կարող է տեղի ունենալ Ոսկեպարում կամ Հայաստանի սահմանամերձ շրջանների ցանկացած այլ հայկական գյուղում, մեծ կասկածներ է առաջացնում, որ տեղացիներն այնտեղ երկար չեն մնա. չափազանց վտանգավոր է այն հարևանությունը, որ Ալիևի թելադրանքով ապահովում է նրանց համար Փաշինյանը։ Մի քանի ընտանիքների արդեն հրահանգված է հեռանալ իրենց տներից. ի՞նչ է սա, եթե ոչ արդեն հայկական իշխանությունների և հայ ուժայինների կողմից իրականացվող տեղահանություն:

Արցախում Նիկոլը հանձնեց տարածքներն այնտեղ ապրող բնիկ ժողովրդի՝ հայ բնակիչների հետ մեկտեղ։ Հայաստանում նա հանձնում է տարածքները, ստիպելով բնիկներին՝ հայ բնակիչներին հեռանալ իրենց տներից, շրջապատելով նրանց թշնամիներով և դրանով իսկ ստեղծելով անվտանգային լրջագույն սպառնալիքներ, որոնք գործնականում անհնարին են դարձնում կյանքն այդ գյուղերում։

Թե ինչի կհանգեցնի դա ամենամոտ ապագայում, բնավ դժվար չէ կռահել։ Ինչպես որ դժվար չէ հասկանալ, որ Նիկոլի որևէ սահմանասյուներ, որոնցով հպարտանալ տվյալ դեպքում կարող է կա՛մ ապուշը, կա՛մ գիտակցաբար հող հանձնող դավաճանը, չի փրկի թուրքերի սողացող զավթախուժումից։

Բնականաբար՝ ոչ միայն Տավուշում։