Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

«Եթե Ռաիսիի ուղղաթիռի աղետը ահաբեկչություն է, ապա նպատակն այն է, որ ուժգին հրդեհ, մեծ պատերազմ հրահրվի եվրասիական ողջ տարածքում»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

-Շատ են ենթադրություններն ու հակասական տեղեկությունները ուղղաթիռի աղետի վերաբերյալ, որում եղել են Իրանի նախագահը, Իրանի ԱԳ նախարարը... Ուղևորներից ոչ մեկը ողջ չի մնացել, սակայն տեղի ունեցածի մասին վարկածները տարբեր են, ներառյալ ահաբեկչության վարկածը: Ի՞նչ կասեք։

-Արծարծվում է տրամագծորեն հակադիր երկու վարկած. դժբախտ պատահարից մինչև կազմակերպված գործողություն։ Եվ երկուսն էլ գոյության իրավունք ունեն: Գիշերը դիտում էի իրանական աղբյուրները, որտեղ շոշափվում է հիմնականում կազմակերպված ահաբեկչության վարկածը։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ մարդիկ առհասարակ ավելի շատ հակված են մտածելու, որ նման աղետները տեղի են ունենում կազմակերպված, քան հավատալու եղանակային վատ պայմանների, մառախուղի, ողբերգական պատահականության վարկածներին: Ինչևէ, Իրանում քննարկվում է այն վարկածը, որ աղետը կազմակերպել է Իսրայելը, քանի որ Ռաիսիի ուղղաթիռը թռչում էր այն տարածքների վրայով, որտեղ Իսրայելը հետախուզական կառույցներ ունի։ Ինձ մտահոգում է այն, որ դեռևս ոչնչով չապացուցված ընկալում կա, թե հաշվի առնելով Իրան-Իսրայել առճակատումը, եթե չասենք՝ պատերազմը, Իսրայելն Ադրբեջանի ձեռքով փաստացի ահաբեկչություն է իրականացրել՝ սպանելով Իրանի նախագահին, արտգործնախարարին... Եթե դիտարկենք կատարվածը որպես հատուկ ծառայությունների իրականացրած գործողություն, ապա, ըստ էության, ստացվում է, որ նպատակը Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական բախում հրահրելն է։

-Ինչո՞ւ ոչ։

-Եթե տրամաբանորեն դատենք, Ալիևին հիմա իրադարձությունների նման զարգացում ամենևին պետք չէ։ Ալիևին պետք չէ, որ Ադրբեջանն այսօր ներքաշվի ռազմական արկածախնդրության մեջ, որի ելքը միանշանակ է. Ադրբեջանի անխուսափելի պարտություն։ Մանավանդ որ Ալիևը հանդես է գալիս 3+3 ձևաչափի իրականացման օգտին, որը ենթադրում է տարածաշրջանային գործերին որևէ արևմտյան երկրի կամ հավաքական Արևմուտքի մասնակցության բացառում: Այդ մասին նա վերջերս հայտարարեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը զանգահարեց Ալիևին ու Փաշինյանին: Ալիևը զրույցի ընթացքում վերահաստատել է իր տեսլականը։ Փաշինյանը նույնպես հայտարարել է ավելի վաղ հնչեցրած իր մոտեցման մասին. խոսքը ռուսական կողմի հրաժարման մասին է տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործին մասնակցությունից, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրի 9-րդ կետում։

Այդտեղ Փաշինյանն ու Ալիևը հակադիր բաներ են ասում։ Բլինքենի զանգերից հետո Թեհրանում կայացել է Իրանի և Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաների, այդ թվում Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հրամանատարության հանդիպումը: Եվ նրանք քննարկել են տարածաշրջանային գործընթացները։ Այնուհետ մենք տեղեկանում ենք, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները Արաքս գետի Խուդաֆերինի ջրամբարի ամբարտակից 12 կմ հոսանքն ի վար շահագործման են հանձնել երկու հիդրոհանգույց. սա արդեն տնտեսական փոխգործակցության դրսևորում է: Այսինքն ամեն ինչ ելնում էր նրանից, որ Ադրբեջանը՝ որպես 44-օրյա պատերազմում հաղթած կողմ, արդեն ստացել է ցանկալին, և ծրագրում է ավելին ստանալ հայկական կողմի վրա գործադրվող ուժային ճնշմամբ ու շանտաժով։ Եվ հիմա նրա հիմնական նպատակը տարածաշրջանային կարևոր դերակատար դառնալն է։ Այժմ, այս իրավիճակում, տրամաբանակա՞ն է արդյոք, որ Ալիևը գնա արկածախնդրության՝ Իրանի հետ պատերազմի, որի արդյունքում, չի բացառվում, որ Իրանը պարզապես իրեն վերցնի այսպես կոչված Ադրբեջանը, հայտարարելով, որ դեռևս 200 տարի առաջ այդ տարածքները դարեր շարունակ ընդգրկված են եղել պարսից ազդեցության գոտում և Իրանի մասն են կազմել: Եվ միայն 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով են անցել Ռուսաստանին։ Առաջարկում եմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման համատեքստում առաջնահերթ պատասխանել այն հարցին, թե ո՞ւմ է դա ձեռնտու։

-Եվ ո՞ւմ։

- Առաջին հերթին Մեծ Բրիտանիային և «հավաքական Արևմուտքին»՝ տարածաշրջանում պայթյուն հրահրելու համար։ Դա, կրկնեմ, ձեռնտու չէ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Իրանին, ո՛չ տարածաշրջանային որևէ այլ դերակատարի։ Ավելին, դա ձեռնտու չէ նաև Իսրայելին՝ պետությանը և ժողովրդին. խոսքս սիոնիստական կառավարության մասին չէ, որը կատարում է Արևմուտքի ծրագիրը։ Տեսեք, թե քանի հազար բողոքող իսրայելցիներ են դուրս գալիս Թել Ավիվի և Երուսաղեմի փողոցներ։ Ինչի՞ դեմ են նրանք բողոքում։ Իսրայելի ժողովուրդը հասկանում է, որ պատերազմը, որի մեջ ինքն այսօր ներքաշվել է, սպասարկում է օտար շահերը։ Եվ հետևանքները կձգվեն տասնյակ տարիներ։ Իսրայելի քաղաքացիները գիտակցում են, որ իրենք գործիք են դարձել ռեժիսորների ձեռքում, որոնց նպատակը եվրասիական ողջ տարածքում մեծ պատերազմ, ուժգին հրդեհ բռնկելն է: Ամենուր, բոլոր անկյուններում:

-Ինչպե՞ս են, ըստ ձեզ, զարգանալու իրադարձությունները:

-Հույս ունեմ, որ առաջին հերթին Իրանի հոգևոր առաջնորդները, նրա ռազմական ղեկավարությունը գերազանց հասկանում են, թե ինչի են սադրում Իրանին և չեն տրվի սադրանքներին: Կարծում եմ, Իրանի ղեկավարությունը գիտակցում է, որ եթե Ռաիսիի ուղղաթիռի աղետի համատեքստում խոսքն ահաբեկչության մասին է, ապա որն է դրա նպատակը, և թույլ չի տա տարածաշրջանային մեծ պատերազմ, որի շահառուների դերում հանդես են գալիս ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Նույնիսկ Թուրքիային այդպիսի պատերազմ հիմա պետք չէ, քանի որ այն, ինչ հիմա ունի, վերոնշյալ հնարավոր պատերազմի արդյունքում կարող է կորցնել։ Որովհետև եթե պատերազմ լինի, ապա դրա մեջ կներքաշվի մի կողմից Իրանը՝ իր ունեցած ռազմական և մարդկային ռեսուրսներով, մյուս կողմից՝ միջուկային տերություն Ռուսաստանը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա ողբալի ավարտ կունենա։ Բայց մեզ համար էլ շատ ցավալի հետևանքներ կունենա. եթե տարածաշրջանային այդպիսի հրդեհ բռնկվի, այն չի կարող չդիպչել մեզ, չի կարող շրջանցել