«Ժողովուրդ»․ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԳՆԱԼ ԲԴԽ

Կին դատավորների մեծ մասը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամ դառնալուց, և նրանք դիմել են ԲԴԽ՝ խնդրելով իրենց անունները հանել ցուցակից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել և հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։

ԲԴԽ–ից հայտնել են, որ ծանուցում ուղարկվել է բոլոր այն դատավորներին, որոնք համապատասխանել են թափուր հաստիքը համալրելու չափանիշներին։ Բացի վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանից, մյուս ծանուցվածները տեղեկացրել են, որ իրենք չեն ուզում ընդգրկվել քվեարկությունում, հետևաբար նրանք ավտոմատ դուրս են մնացել։

«Առաջին ատյանի դատարանից 10, իսկ մասնագիտացված դատարանից 3 կին դատավոր է ծանուցվել, որ համապատասխանում են ԲԴԽ դատավորի անդամ դառնալու չափանիշներին: Եվ ահա ծանուցված 13 դատավորներից 12-ը հրաժարվել են գնալ ԲԴԽ ու դիմում են ներկայացրել, որ իրենց անունները չներառեն քվեաթերթիկում»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` ստացվում է, որ կին դատավորների զգալի մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի։

Sputnik Արմենիա