ԲԱՔՎԻ «ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՓԱՆՎՈՒՄ Է

ԱՄՆ-ում քննիչները երրորդ մեղադրանքն են առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի գործով՝ մեղադրելով նրան Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գործող բանկից խոշոր կաշառք ստանալու մեջ:

Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, 67-ամյա Իրադա Ախունդովան Հյուսթոնի ֆեդերալ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ գործել է որպես Ադրբեջանի գործակալ: Մասնավորապես, նա օժանդակել է կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելյարին 60 հազար դոլար վճարելուն. Վերջինիս նույնպես մեղադրանք է ներկայացվել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանի պաշտոնատար անձինք ցանկացել են ստանալ երկրի աջակցությունը Հայաստանի հետ դիմակայության համատեքստում: Նշվում է, որ Կուելյարը, որը ժամանակին եղել է Կոնգրեսի ադրբեջանական կոմիտեի համանախագահը, համաձայնել է դրականորեն ազդել ադրբեջանամետ օրենսդրական նախաձեռնությունների վրա և ադրբեջանամետ ելույթներով հանդես գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

Ադրբեջանի շահերն առաջ մղելու համար ստացած կաշառքը ենթադրաբար կազմել է ավելի քան 300 հազար դոլար։ Ախունդովային, որը շուրջ 20 տարի աշխատել է որպես Հյուսթոն-Բաքու քույր քաղաքների ասոցիացիայի նախագահ, սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Ցուցանշական է, որ 2021 թվականին «ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և ադրբեջանական սփյուռքի զարգացման գործում ունեցած ավանդի համար» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայիս ամբաստանյալ Ախունդովային պարգևատրել է «Պրոգրես» մեդալով։

Թեմայի առնչությամբ հարկ է հավելել, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին Մյունխենի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքներ է ներկայացրել Քրիստոնեա-դեմոկրատական միության երկու նախկին պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից կաշառվածության փաստով: Հետաքննությունը տևել էր ավելի քան չորս տարի և ավարտվեց Բունդեսթագի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերի և Էդուարդ Լինտների դեմ մեղադրանքների առաջադրմամբ՝ կոռուպցիայի և ընտրված պաշտոնյաներին կաշառելու փաստերով։ Կասկածներ կային նաև նախկին քաղաքական գործիչ Կարին Շտրենցի վերաբերյալ, սակայն նա մահացավ 2021 թվականին։ Դատախազությունը կարծում է, որ Շտրենցը համաձայնել է գործել «Ադրբեջանի սպասումներին համապատասխան»:

Լինտներին մեղադրում են ադրբեջանական իշխանություններից միջոցներ ստանալու և դրանք այլ պատգամավորներին, այդ թվում Շտրենցին փոխանցելու մեջ՝ Ադրբեջանին ձեռնտու որոշումներ կայացնելու դիմաց, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում: Ֆիշերին ներկայացվում են նույն մեղադրանքները. 2011 թվականին նա Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի հետ պայմանավորվել է ԵԽԽՎ-ում աջակցել Բաքվին շահեկան գծին՝ հետագայում ստանալիք դրամական պարգևի դիմաց: Խոսքը «դրական» ելույթների, գաղտնի տեղեկատվության փոխանցման և բուն քվեարկության մասին էր։ Լինտները խոստովանել է, որ իր ընկերությունները ավելի քան 3 մլն եվրո են ստացել Ադրբեջանից։

2023 թվականի ամռանը Եվրախորհրդարանն իր կայքում հրապարակեց հուլիսի 13-ին ընդունված բանաձևը՝ թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, նշված է, որ հանձնարարականները կազմվել են բացի ամենից նաև այն պատճառով, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել, ինչի առնչությամբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ լրջորեն կասկածվում են կոռուպցիայի մեջ։

«Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել է իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները»,- նշվում Է փաստաթղթում:

Ադրբեջանագետ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Տաթև Հայրապետյանի խոսքերով՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազում խնդիրները կամ ընդհանրապես այդ իրավունքների բացակայության հանգամանքը դրդում է ադրբեջանցիներին գնալ կոնկրետ գործողությունների՝ այդ ամենը կոծկելու նպատակով»:

«Կեղծ իմիջ ձևավորելու համար նրանք կաշառում են եվրոպացի պատգամավորներին,- հստակեցրեց նա։ - Նախկինում գրանցվել են հայտնի սկանդալներ, որոնք ստացել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը, քանի որ կաշառքի հանգամանքն էապես ազդել է եվրոպացի շատ պատգամավորների կարծիքի, խոսքի, մոտեցումների, հրապարակումների ու զեկույցների վրա»:

Ընդ որում ադրբեջանագետը նշում է, որ Ալիևի ռեժիմին չկասեցրեց նույնիսկ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի սկանդալային պաշտոնանկությունը, որը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, նպաստել է ադրբեջանամետ ձևակերպումներին, որոնք չեն արտացոլում ինչպես բուն Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակը, այնպես էլ Ղարաբաղյան խնդրի էությունն ու իրողությունները:

Հարկ է նշել նաև, որ Բաքվի ռեժիմը, հատկապես նախքան 2023 թվականին Արցախում էթնիկ զտումներ իրականացնելը, ակտիվորեն հերթագայում էր «խավիարային դիվանագիտությանն» ու յուրօրինակ, ադրբեջանական կատարմամբ մեծապես զավեշտալի, «մտրակի քաղաքականությունը». անկաշառ միջազգային գործիչների ընդգրկումը իր տխրահռչակ «սև ցուցակում»։ Նրանց ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ համաշխարհային մասշտաբի նշանավոր մարդիկ, հայտարարվում էին «անցանկալի անձ» (persona non grata), հաճախ լոկ այն պատճառով, որ այցելել էին Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և այնտեղ կամա թե ակամա ականատես դարձել հասարակական-քաղաքական կյանքի իրական, այլ ոչ թե Բաքվի քարոզչության կողմից աղավաղվող պատկերին։

Այո, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում էր Արցախի պատմական անցյալի և ներկայի մասին ճշմարտությունը թաքցնելու համար, քանզի այնտեղ ահավոր վախենում էին անաչառ մարդկանցից, որոնք ցանկանում էին անմիջականորեն տեղում իմանալ ճշմարտությունը և հասցնել դա համաշխարհային հանրությանը։ Ադրբեջանական իշխանությունները վախենում էին Արցախի Հանրապետության և այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին միջազգային հանրության օբյեկտիվ պատկերացման ձևավորումից։

Պաշտոնական Բաքվի այդօրինակ քաղաքականությունը լիովին տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, և ադրբեջանական իշխանությունները ձգտում էին պարտադրել դրանք նաև օտարերկրյա քաղաքացիներին: Ահա թե ինչու էր Բաքուն տխրահռչակ ցուցակում ջանադրաբար գրանցում այն մարդկանց, ովքեր չէին հրապուրվում կաշառքով, իսկ նրանցից մի քանիսի դեմ ընդհանրապես «քրեական գործեր» հարուցում։

Որպես դրա տխուր օրինակ կարելի է հիշել Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսի դեպքը, որի նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետապնդում սկսեց, մասնավորապես այն բանի համար, որ 2018 թվականի սեպտեմբերին Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությունը՝ տիկին Թեոխարուսի գլխավորությամբ, հանդիպում էր ունեցել Արցախի ղեկավարության հետ: Սակայն Ադրբեջանում իր դեմ քրեական գործի հարուցումը միայն ամրապնդեց ազատության համար արդար պայքարում արցախցիներին օգնելու պատգամավորի վճռականությունը։

«Ես շարունակելու եմ Եվրոպական խորհրդարանում աջակցել Արցախի հետ կապված նախաձեռնություններին»,- այն ժամանակ հայտարարեց Էլենի Թեոխարուսը։- Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության և ինքնորոշման համար ձեր պայքարով»։

Այո, անտեսելով սպառնալիքները՝ բազմաթիվ սրտացավ մարդիկ շարունակում էին մեկնել Արցախ, քանզի հասկանում էին, որ ավելի լավ է մեկ անգամ սեփական աչքով տեսնել այդ հին հայկական երկրամասը և հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ, քան հարյուր անգամ լսել Բաքվի քարոզչամեքենայի կեղտոտ ապատեղեկատվությունը։ Համապատասխանաբար, արագ տեմպերով, ինչպես ասում են՝ ոչ թե օրեցօր, այլ ժամեժամ աճում էր Ադրբեջանի ԱԳՆ այսպես կոչված «սև ցուցակը». այնտեղ էին հայտնվել օտարերկրյա բազմաթիվ խորհրդարանականներ, պաշտոնյաներ, խոշոր ԶԼՄ-ների լրագրողներ, աշխարհահռչակ մշակութային գործիչներ, գրողներ, գիտնականներ, բժիշկներ, մարզիկներ և այլն:

Զգալով, որ իրեն շատ բան է ներվում, պաշտոնական Բաքուն միջազգային հանրության ներկայացուցիչների հասցեին շանտաժի և սպառնալիքների իր քաղաքականության մեջ անցավ որակապես նոր մակարդակի։ Զավեշտալի «սև ցուցակի» համալրումը քիչ թվաց Ադրբեջանի իշխանավոր հանցախմբին, և սպառնալիքներից նա անցավ ֆիզիկական ու բարոյական ազդեցության կոնկրետ միջոցների:

Բլոգեր Լապշինի պարագայում ցինիզմով աննախադեպ ադրբեջանա-բելառուսական գործարքի մասին շատ է գրվել։ Քաղաքակրթության երեսին թքող այդ արարքի նկատմամբ միջազգային հանրության բավական հեղգ արձագանքը է՛լ ավելի ամրապնդեց Բաքվի ռեժիմի անպատժելիության զգացումը, և ադրբեջանական իշխանությունները դիմեցին ավելի լկտի քայլերի, որոշելով իրենց արկածախնդրության մեջ ներքաշել Ինտերպոլին և միջազգային այլ կազմակերպությունների։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սկսեց միջազգային հետախուզում հայտարարել դիտորդի կարգավիճակով Արցախ այցելած եվրախորհրդարանականների, հասարակական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և նույնիսկ ԼՂՀ այցելող հասարակ զբոսաշրջիկների նկատմամբ: Բաքվում լրջորեն համարում են, թե մարդուն իր կարծիքի համար կարող են հետապնդել ողջ աշխարհում, ձերբակալել ու դատապարտել։ Ամենաթարմ աղաղակող օրինակը Ռուսաստանի քաղաքացի, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումն է ալիևյան ռեժիմի կողմից։

Բաքվի տխրահռչակ ցուցակում, ինչպես հայտնի է, ժամանակին հայտնվեց նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Նա երկու անգամ այցելել է Արցախ՝ ամենաիսկական հիստերիա առաջացնելով Բաքվում։ Մինչդեռ Կաբալյեն ընդամենը եկել էր տեսնելու «քրիստոնեության կղզյակը»։

Առաջին անգամ նա Արցախ այցելեց 2013 թվականի հունիսին և ողջ հոգով սիրեց հայկական հինավուրց երկրամասը: Հենց Արցախում է մեծ իսպանուհին լիարժեքորեն զգացել (իր իսկ խոստովանությամբ) քրիստոնեության պահպանման այն առանձնահատուկ առաքելությունը, որ կրում է հայ ժողովուրդը դարեր ի վեր, իր ճանապարհին հաղթահարելով ծանրագույն փորձություններ: «Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը», - այսպես է բնորոշել Արցախը տիկին Կաբալյեն: Ներկայումս բռնազավթված Արցախի Գանձասար հնագույն վանքի պատերը կլանել են նրա դյութիչ ձայնը, որը տասնամյակներ շարունակ հիացրել է միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում:

Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի ունեցավ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը։ Իսկ 2014 թվականի հոկտեմբերի 14-ին մեծ երգչուհին երկրորդ անգամ այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այս անգամ հանդես գալով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20-ամյակին նվիրված համերգով: Մոնսերատ Կաբալյեի կրկնակի այցն Արցախ (իսկ նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր և ՄԱԿ-ի պատվավոր դեսպան), նրա անսասան ներքին համոզմունքի և երկրամասի նկատմամբ անկեղծ սիրո վկայությունն էր: Նա չտրվեց Բաքվի շանտաժին ու սպառնալիքներին և իր անձնական օրինակով ցույց տվեց, որ պաշտոնական Բաքվի վարած մտրակի ու խավիարի քաղաքականությունը, որի հիմքում մի կողմից շանտաժն ու սպառնալիքներն են, մյուս կողմից՝ կաշառելու փորձը, անզոր է իրական մարդկային արժեքներ դավանող մարդկանց առջև…

Այդուհանդերձ ստիպված ենք ցավով արձանագրել, որ չնայած Բաքվի «խավիարային դիվանագիտության» հոգեվարքին, նույն ժողովրդավարական Եվրոպայի որոշ ներկայացուցիչներ շարունակում են այցելել Բաքու և սեղմել դրա բռնապետի արյունոտ ձեռքը՝ անվանելով նրան «վստահելի գործընկեր»: Դա լոկ ոգևորում է ադրբեջանական իշխանություններին նոր ոճրագործությունների և ծայրաստիճան բացասաբար անդրադառնում Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության, իսկ վերջին հաշվով՝ տարածաշրջանի ամբողջ ժողովուրդների և շարքային, ազնիվ ու օրինապաշտ քաղաքացիների ճակատագրի վրա։