«ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՄԵԿ ՏԱՐՈՎ». ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մայիսի 18-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կառավարման իր տեսլականը, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ արքեպիսկոպոսը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը։ Գալստանյանն ասել է, որ այն ձևավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ և կընտրվի հիմնական իշխանություն:
«Նա վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: Այսինքն՝ եթե Բագրատ Սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տևելու է ընդամենը մեկ տարի, և նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով ու ընտրություններ կազմակերպելով»,- գրել է թերթը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։