Մհեր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՇԱՐԺՈՒՄԸ
Փորձում են վարկաբեկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Մհեր Աբրահամյանն՝ անդրադառնալով շարժման վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակումներին։
«Այդ հրապարակումները հիմնականում ուղղված են հայկական սփյուռքի դեմ, բացի դրանից՝ դրանով նրանք արդարացնում են այսօրվա դե ֆակտո իշխանության վարած քաղաքականությունը, որը լիովին պրոթուրքական է։ Այսպիսի թեմաներ նետելով ասպարեզ՝ նրանք փորձում են վարկաբեկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Նրանց մոտ կա այն վախը, որ հայկական լոբբին սփյուռքում ևս կակտիվանա և հնարավոր կլինի կանգնեցնել այս խայտառակ գործընթացը, որ տեղի է ունենում այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասել է Աբրահամյանը։
Այսպիսով, ըստ թուրքագետի, ամեն ինչ արվում է, որ կանգնեցվի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը։
«Թուրքական և ադրբեջանական կառավարական շրջանակները հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու են այսօրվա իշխանությանը, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Նրանց հրապարակումներն ուղղված են Բագրատ Սրբազանի դեմ, որպեսզի կանգնեցվի այս շարժումը։ Սա ապացուցում է այն փաստը, որ շարժումն ունի լայն արձագանք և այսպիսի մեթոդներով փորձում են վարկաբեկել այն, փորձում են կանգնեցնել Սփյուռքի աջակցությունն, ինչը թուրքական իշխանության համար կարևոր կետերից մեկն է»,- եզրափակել է Մհեր Աբրահամյանը։