ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓԱՐԱՏԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։
Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի ուշ սրբագրեց ելույթը՝ լրագրողներին հայտարարելով, որ ոչ թե սպառնացել է, այլ ասել է․ «Բա որ մենք էլ անենք»։
ՔՊ-ում նրա երեկվա ելույթի բացատրությունն ունեին, ասում էին, որ նա «կասկածյալների» շարքում է, ովքեր կարող են լքել իշխանական նավը և հայտնվել բարիկադների մյուս կողմում, և Սուքիասյանը փորձել է փարատել այդ կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ՔՊ-ում Սուքիասյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա: Ոմանք կարծում են, որ նա իրենց «վերևից է նայում», «նիստերին դասատուի դեր է ստանձնում», չի գրանցվում հարցեր տալու կամ ելույթներ ունենալու համար, իսկ վերջում արտահերթ ելույթի ձայն է խնդրում՝ նյարդայնացնելով իրենց։