COVID-19-Ի ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ 27 ՄԵՂԱԴՐՅԱԼԻՑ ՄՆԱՑԵԼ Է 3-Ը
Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (Covid-19) դեմ միջոցառումների շրջանակում թույլ տրված չարաշահումների փաստով նախաձեռնված քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է: Այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի 3 անձ: Այս մասին «Հետքին» հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող, իսկ 22 անձի նկատմամբ՝ ոչ արդարացնող հիմքով: Ոչ արդարացնող ո՞ր հիմքերով է դադարեցվել հետապնդումը՝ դատախազությունից չեն մանրամասնում:
Չեն հրապարակում նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալ է:
Ինչպես հայտնում են դատախազությունից, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախության եղանակով Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազ. դրամ:
Նշենք, որ ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության օժանդակություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Հիշեցնենք, որ Covid-19 համավարակի դեմ միջոցառումների շրջանակում թույլ տրված չարաշահումների փաստով
2018-2021թթ., առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթով քրեական հետապնդում էր հարուցվել Առողջապահության նախարարության մի շարք պաշտոնյաների նկատմամբ: 2023թ. մարտին կալանավորվել էր այդ ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ, Առողջապահության նախարարության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր կալանքի որոշումը։
Կորոնավիրուսի համավարակի շրջանում հաղորդագրության համաձայն՝ 2020-2022թթ.-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով կլինիկայի տնօրեն Բ. Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բ. Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։