ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ «ՁԳՈՒՄ Է ԳԱՄԵՐԸ»
Փաշինյանի սիրելի զբաղմունքը «գամերը ձգելն» է։ Երբ տեսնում է, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, նա չի գնում փոխզիջումների, չի փորձում լսել ընդդիմախոսին, հարթել հակասությունները։ Հակառակը. ահագնացնում է լարվածությունը, փորձում սադրել ավելի թեժ կրքեր, հուսալով, թե թշնամին (իսկ նա հենց որպես թշնամի է ընկալում ընդդիմախոսներին) կընկրկի: Այդպես էր 2021-ի գարնանն ու ամռանը, երբ նա խոստանում էր չագուճով ջարդել իր ընդդիմախոսների գլուխը, սպառնում «շինել» բոլոր ընդդիմադիրներին՝ բառի ամենաանպարկեշտ իմաստով։ Եվ այդպես շարունակ…
Նույնը տեսնում ենք նաեվ այս անգամ. ընդդիմության մայիսի 26-ին նշանակված է՛լ ավելի մեծ հանրահավաքի նախաշեմին Փաշինյանը կրկին կապը կտրել է։ ՀԱՊԿ դաշնակիցներին ուղղված մեղադրանքներ՝ Հայաստանին օգնության իմիտացիայի, իսկ իրականում հայկական պետականությունը վերացնելու նպատակով Ադրբեջանին պատերազմի նախապատրաստելու մեջ։ Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում երկու կեղծ դաշնակիցների կողմից հայկական պետության վերացման այդ փորձերը կանոնավորապես շարունակվել են նաև 44-օրյա պատերազմից հետո։
Այնուհետ Փաշինյանը հարձակվեց Եկեղեցու վրա, հոգևորականներին անվանեց այլ երկրի գործակալներ, մեղադրեց ֆինանսական գործունեության անթափանցության մեջ և իր թիմին խոստացավ հաշվեհարդար տեսնել Հայ Առաքելական Եկեղեցու հետ երկու-երեք ամսում: Հետ չմնացին նաև թիմի անդամները։ Պատգամավոր Սուքիասյանը, որն իրեն շատ ազատ է զգացել բոլոր իշխանությունների օրոք, սպառնում էր ընդդիմադիր պատգամավորներին հաշվեհարդարով, եթե նրանք «իրենց տեղը չճանաչեն»։
Լավ է, որ ընդդիմության մտքով անցել էր բոյկոտել ԱԺ նիստը, և Նիկոլը «մեսիայի» իր հերթական հայտնությունները հնչեցնում էր բացառապես սեփական թիմի համար, որի որոշ անդամներ, կարծում ենք, թեև լռում են, բայց իրենք իրենց տալիս են հայտնի հարցը. «Ախր ի՞նչ է բարբաջում»։ Դե, ինչ խելքին փչի, այն էլ բարբաջում է…
Իհարկե, Նիկոլի «գամեր ձգելը» կրում է բնավ ոչ միայն բանավոր բնույթ. նրա հաճկատար ուժայինները ստորության ռեկորդներ են սահմանում։ Մոտ երկու տարի առաջ իր դիրքորոշումն արտահայտելու համար կալանավորվեց Արմեն Գրիգորյանը, որը մահացավ հենց նիկոլական դատարանի դահլիճում։ Հետո մարդկանց սկսեցին ձերբակալել սոցիալական ցանցերում գրառումների համար։
Բայց բոլորին գերազանցեցին ներկայիս «օրենքի պահապանները»՝ ձերբակալելով Հրաչյա Ղևոնդյանին... բարձրաձայն մտորելու համար: Ընդ որում երկրի գլխավոր ամբիոնից պատգամավոր Սուքիասյանի ընդդիմադիրներին հասցեագրած բացահայտ սպառնալիքները ուժայինները չնկատեցին։
Ղևոնդյանի գործն այն աստիճան անշնորհք էր սարքած, որ դատարանում հանկարծ պարզվեց, որ այն խոսքերը, որոնց համար ձերբակալվել է Ղևոնդյանը, ուժայինները գաղտնալսել են... բջջային կապի ընկերության ինքնապատասխանիչի հետ Ղևոնդյանի խոսակցության ժամանակ: Չէր ստացվել կցմցել գործը ուժայինների մոտ՝ ստորաքարշ շտապողականության մեջ։ «Գործն» այն աստիճան տխմար էր, որ նույնիսկ նիկոլական դատավորը մի քանի ժամ մտորելուց հետո ստիպված էր մերժել կալանքի սանկցիան։
Բայց թե ինչպե՜ս էր «Ղևոնդյանի գործը» գովազդվում իշխանական քարոզչական թիմի կողմից։ Գլխավոր լրատվական ծրագիրը գունեղ նկարագրում էր, թե պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի շրջապատի մարդը նախապատրաստել է կառավարական շենքերի զավթում, բայց չի կարողացել իրականացնել նախատեսածը, քանի որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ձերբակալել է «ահաբեկչին»…
Կարծում ենք, նիկոլական ուժայիններն այդքանով կանգ չեն առնի, շուտով նրանք նոր բարձունքներ կնվաճեն, և մարդկանց պատասխանատվության կենթարկեն արդեն ոչ թե բարձրաձայն մտորելու, այլ մտքում խորհելու համար։
Կատաղության նոր չափաբաժինը, կարծում ենք, համակել է իշխող թիմին ոչ առանց ուղղորդման։ Իշխող թիմի համար դժվարին օրերին ԱՄՆ ԿՀՎ-ի փոխտնօրենի այցը ոգևորել է վարչապետին ու իր ծառայանուն։ ԿՀՎ-ի շրջաբերականները, ըստ երևույթին, միանշանակ էին. ոչ մի դեպքում չզիջել ընդդիմության պահանջներին. առավելագույնը, ինչին կարելի է համաձայնել, արտահերթ ընտրություններն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար վարչապետի աթոռը պահպանելու պայմանով։ Ընդդիմախոսների դեմ գործել շատ կոշտ, Արևմուտքը աչք կփակի…
Համարձակվենք ենթադրել, որ ձերբակալություններ ու կալանավորումներ դեռ կհաջորդեն, ինչպեսև սպասվող ցույցերն ու հանրահավաքները ցրելու կոշտ միջոցներ։ Փաշինյանը՝ 2008-ի մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչներից մեկը, սովոր է կոշտ սցենարների։