«ԻՄ ՔԱՅԼ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՄԿ-Ի 270 ՄԼՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ
Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Աննա Հակոբյանի «Իմ քայլ»-ը հիմնադրամին է փոխանցել 70 մլն դրամի նվիրատվություն և պարզաբանել էր, թե այդ գումարով կրթական ծրագիր են իրականացվել և կոռուպցիոն ռիսկ այդտեղ չկա։
Panorama.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հաստատեց իր` նախկինում արած հայտարարությունը, որ դեռևս 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին տվել էր 200 մլն դրամի նվիրատվություն։
«Այդ հիմնադրամը բազմաթիվ դոնորներ ունի, որոնցից ամենախոշորներն անանուն են, և չգիտենք, թե դրանք ովքեր են։ Հնարավոր է, որ ԶՊՄԿ-ն իրեն էլի է գումար տվել և անանուն է մնացել։ Այդ 200 մլն դրամը հիմնադրամի հաշվետվություններում գրված էր անանուն, բայց ես ուրիշ աղբյուրից էի իմացել, որ կոմբինատն է այն տվել։ Իրենք գաղտնի էին ուզեցել պահել, որ ԶՊՄԿ-ն է տվել, բայց այլ տեղից տեղեկատվության արտահոսք է եղել»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը դիմելու է իրավապահ համապատասխան մարմիններին կոռուպցիոն ռիսկերը հետաքննելու համար, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց. «Այս պահին իմաստ չունի դիմելու որովհետև ոչ մի ընթացք չեն տա, երբ որ իշխանափոխություն կլինի, կարծում եմ, որ այդ հարցերը առանձին քննարկման առարկա կդառնան»։
Panorama.am-ը դիմեց նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին՝ պարզելու համար, թե արդյոք Զանգեզուրի ՊՄԿ-ի նման նվիրատվությունը միջազգային չափանիշներով գնահատվում է կոռուպցիոն երևույթ։
-Միջազգային չափանիշներով ցանկացած նման փոխանցում, իհարկե, պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Ես երբեք դրական չեմ ընդունում, որ ընդհանրապես գործարարները փոխանցումներ են անում հիմնադրամների, որոնք ինչ-որ ձևով կապված են պետական պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ։ Սա միջազգայնորեն ընդունված սահմանում է և նույնիսկ դրա հատուկ անվանումը կա՝ «Դու ինձ՝ ես քեզ»։
Այն սովորաբար ընտրությունների ժամանակ է արվում, բայց կարելի է տարածել նաև ոչ ընտրական փուլերի վրա, երբ ընտրական և ոչ ընտրական ժամաակահատվածում գործարարը նվիրատվություն է անում պետական պաշտոնյայի կամ կուսակցության նախընտրական հիմնադրամին, հետագայում, եթե այդ կուսակցությունը, քաղաքական ուժը գալիս է իշխանության, արդեն համապատասխան օրենսդրությամբ լավացնում է նրանց գործունեության պայմանները։ Սա բնականաբար քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Այն միանշանակ է միջազգային պրակտիկայում ընդունված է։
-Արդյո՞ք այս կոռուպցիոն երևույթը կազդի Հայաստանի միաջազգային վարկանիշի վրա։
-Կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը մեր կազմակերպությունը հաշվարկում է, զուտ էթիկական չափանիշներից ելնելով այն Հայաստանյան գրասենյակը, չի անում, այլ անում են ուրիշ կազմակերպություններ։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում՝ քարտուղարությունում կա բաժին, որն այդ տվյալները հետո վերցնում մշակում է, դրանով հաշվարկում է մեր պետության կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Բոլոր հարցերը չէ, որ մեր կազմակերպության հետազոտական խումբը նայում է և «Համաշխարհային տնտեսական ֆորումը» ունի այդդ տիպի հարց։ Նրանք հարցումներ են անում փորձագետների, գործարարների շրջանում և այդ հարցումների հիման վրա են եզրակացություն տալիս։
Երբ 2022 թվականին Հայստանի ցուցանիշը վատացավ, որը մենք 2023 թվականի հունվարին հրապարակեցինք, հիմնականում դրա հետ էր կապված այդ նահանջը։ Ոչ միայն կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն է, այլ դիտարկում են, որ ընդհանրապես կա այդպիսի երևույթ, երբ որ ուժեղ ազդեցիկ ֆինանսատնտեսական խմբավորումներն ազդում են կառավարության որոշումների գործողությունների վրա։ Եթե այն կա, ապա կա նաև նվիրատվությունների խնդիրը, որովհետև ձրի կառավարությունն այն չի անի։
2022 թվականին, նախորդ տարիների համեմատ այդ նահանջը, որ գրանցվեց, պայմանավորված էր դրանով։ Եթե ավելի մանրամասն ուսումնասիրվի այդ դեպքերը, ում հետ որ հարցազրույցներ են արվում, ինձ թվում է, ավելի շատ բան կհայտնաբերվի։ Նշեմ, որ այդ հարցում Հայստանի վիճակը 2023 թվականին չլավացավ։ Չմոռանանք նաև, որ այդ կոռուպցիոն համաթվերը համեմատական եղանակաով են նայում, որովհետև ցուցակում 180 երկիր է ներառված, այլ երկրներում կարող է այն շատ ավելի վատ լինի, մեր մոտ միջին մակարդակ է։ Միանշանակ է, որ խնդիր կա և դրանում որևէ կասկած չկա։
-Ինչպես կգնահատեք, որ այս ամենին զուգահեռ կառավարությոնը ԶՊՄԿ-ու ունի 25 % բաժնեմաս։
-Անկախ նրանից, թե պետությոն ունի բաժնեմաս, թե ոչ՝ նման երևույթն իր մեջ ունի կոռուպցիոն ռիսկեր։