«Ժողովուրդ»․ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վստահված առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը: Ավանեսյանը մանրամասնել էր, որ համակարգը կիրագործվի փուլերով. սկզբում շահառու կդառնան մինչև 18 տարեկան երեխաները, այնուհետև հաշմանդամություն ունեցող անձինք, որից հետո նոր միայն այլ խմբեր։
«Բայց, պարզվում է՝ մինչև հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։ Ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը»,–գրում է օրաթերթը։
Նշենք, որ երեկ` մայիսի 23–ին, Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում չպատասխանեց այն հարցին, թե երբ է տրվելու առաջին փուլի մեկնարկը, բացատրելով, որ դա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետև դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, հանրային լսումներ լինեն։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն դեռ 2023 թվականի փետրվարին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։
Նշվում էր, որ 2024 թվականից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։
2025թ–ից պետությունը ծրագրում էր համակարգում ներառել թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում էր ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։