Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԴՐՍԵՎՈՐԵԼ

Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բերեմ երկու շատ կարևոր փաստ:

1 Այս տարվա առաջին եռամսյակում Ադրեբջանում նավթագազային սեկտորի վճարած հարկերը կրճատվել են 40%-ով:

2 Նույն ժամանակահատվածում 7 անգամ կրճատվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը:

Նման կտրուկ անկումը պայմանավորված է և տնտեսական, և բնակլիմայական պատճառներով: Առաջինի դեպքում ակնհայտ է, որ Արցախի օկուպացիան ենթադրում է հսկայական ներդրումներ, որոնք դրսից այդպես էլ չեն գալիս (չհաշված բելառուսական տրակտորներն ու իսրայելեկան կաթի գործարանը):

Հետևաբար, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք է ուղղվեն էներգետիկ սեկտորի զարգացմանը, ուղղվում են Արցախում ցուցադրական ենթակառուցվածքային նախագծերի վրա: Արդյունքում երկրի ներսում երկրորդ տարին անընդմեջ աճում են կոմունալ ծառայությունների սակագները, ինչը չի կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա:

Ադրբեջանում առկա օտարերկրյա կապիտալն էլ շարունակում է իրեն գաղութատիրոջ պես պահել՝ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու: Նույն British Petroleum-ը ադրբեջանականան նավթագազային հանքերում շարունակում է 1980-ականների տեխնոլոգիաներ օգտագործել՝ խախտելով բնապահպանական բոլոր նորմերը:

Բնակլիմայական խնդիրը կայանում է նրանում, որ 2006 թ.-ից ի վեր Կասպիում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ 2022 թ.-ին հասնելով կրիտիկական ցուցանիշների: Նույն SOCAR-ն արդեն ահազանգում է՝ հայտարարելով Կասպյան շելֆում որոնողական-հետախուզական աշխատանքների, հորատման ու արդյունահանման ծավալների հնարավոր կրճատման մասին:

Այս ամենը ի մի բերելով՝ վերջերս միջազգային Fitch Solutions գործակալությունը հարցականի տակ է դնում 2027 թ.-ին Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրոպա արտահանելու հեռանկարը:

Նշված պատկերը շատ կարևոր է գնահատելու համար Ադրբեջանի արտաքին քաղաքական կեցվածքը: Բնական է, որ խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը տիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ ՝ փորձելով ստվերել տնտեսական ու սոցիալական խնդիրները տարածքային ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչ խոսք, Երևանն էլ ստեղծում է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները»:

News.am