ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ»
«Իսկ դու քո անձնական բուրդը պետականի հետ մի խառնիր»
Արդեն երկու շաբաթ անընդմեջ կառավարության նիստի բաց մասից հետո Փաշինյանն անցկացնում է հասարակ մահկանացուների ականջների համար չնախատեսված փակ հատված: Սատանան գիտե, թե էլ ինչ է նա հորինել՝ մեր գլխին պատուհաս, իսկ այ սոցիալ-հոգեբանական ինժեներիայի ոլորտում իր որքան տաղտկալի, նույնքան էլ անիմաստ պրպտումներով Փաշինյանը հաճույքով կիսվում է ի լուր ամենքի…
Կառավարության մայիսի 23-ի նիստում Փաշինյանը՝ այն բանից հետո, երբ իմացավ, որ առանց այն էլ դժվարությամբ ընթացող դպրոցաշինության ծրագիրը պսակվել է նոր արդյունքով, այն է՝ արդեն կառուցված, բայց անդառնալիորեն խոտանված երկու դպրոցների քանդումով, չափազանց կարևոր համարեց անդրադառնալ սոցիալ-հոգեբանական այնպիսի ֆենոմենի, ինչպիսին է մարդկանց տարբեր վերաբերմունքը անձնական և պետական սեփականության նկատմամբ: Ե՛վ «իր» ու «դպրոցական» երեխաների համար նույն գնային սեգմենտում նրանց ձեռք բերած գնդակներն են տարբեր, և՛ տնային տնտեսությունների ու պետական հաստատությունների համար նախատեսված սալիկներն ու ծորակներն են տարբերվում՝ ինչպես երկինքն ու երկիրը, և՛ սեղան-աթոռների պարագայում է նույն պատմությունը:
Այնուհետ կառավարության ղեկավարը նպատակադրվեց պարզել, թե ինչու ոչ ոք իր տանը... դանակով չի փորագրում իր անունը աթոռի կամ սեղանի վրա, պատին չի թողնում «2016թ.ապրիլի 8-ին այսինչի ու այնինչի տոլմա ուտելու» պահը հավերժացնող մակագրություններ, իսկ այ դպրոցներում, համալսարաններում, եկեղեցիներում և պատմամշակութային այլ հաստատություններում դա սովորական երևույթ է: «Նույնիսկ վախենում եմ՝ գնամ-տեսնեմ, թե ինչ գույք ենք ձեռք բերել դպրոցական մարզադահլիճների համար»,- շինծու վրդովմունքով ասաց կառավարության անդամներին նրանց ղեկավարը, որը մեր երկրի համար ամեն առումով լարված այս շրջանում ժամանակ է գտնում նոր դպրոցների սանհանգույցների ստուգումներ անցկացնելու համար: «Մենք պետք է հասկանանք, թե որն է պատճառը, և պետք է հետազոտություն անցկացնենք», - խորիմաստ հայտարարեց նա, թեև ոչ մի արտակարգ բան դրանում չկա, և ի բնե մարդու էության մեջ է տարբեր վերաբերմունքը իր անձնական և պետական (իմա՝ ոչ մեկի) սեփականության նկատմամբ։
Սակայն պետության առաջին դեմքի հրամցրած զառանցանքի հերթական չափաբաժինն այդքանով չավարտվեց։ Փաշինյանը, որպես մեկնակետ վերցնելով Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքը, որը վերջերս որպես սեփականություն վերադարձվել է պետությանը, երկար ճամարտակեց այն մասին, թե պետք չէ ավելորդ ակնածանքով վերաբերվել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներին և կարելի է համարձակորեն վարձակալության տալ դրանք մասնավորին... որպես ռեստորանների և բաղնիքների տարածք, որպեսզի եկամուտ բերեն պետական գանձարան։ Փաշինյանը առանձնահատուկ շեշտեց, որ այդ բոլոր կառույցները ժամանակին ծառայել են որպես ախոռներ, պանդոկներ կամ խորդանոցներ, այնպես որ այսօր պետք չէ դրանք բարձր գնահատել միայն այն պատճառով, որ մեզ են հասել հնագույն ժամանակներից։
Ինչպես միշտ է լինում, երբ Փաշինյանն առնում է փողի հոտը, նա երկար ու տաղտկալի ապացուցում էր ինչ-որ մեկին, որ հիշյալ շինությունները, թեկուզ երիցս պատմամշակութային նշանակություն ունենալով հանդերձ՝ պետք է պետության կողմից վարձակալության հանձնվեն առանց որևէ սահմանափակման: Այդ ճառի ողջ անիմաստությունն ի հայտ եկավ վերջում, երբ նրան հուշեցին, որ առանձնակի ոչ մի սահմանափակում նման դեպքերում օրենքով նախատեսված չէ, և նույն այդ ԱՕԿՍ–ը կարող է օգտագործվել մասնավոր անձի կողմից ցանկացած որակով, լինի դա զվարճանքի հերթական հաստատություն, խոհանոց, թե բաղնիք։ Նման դեպքերում օրենքի միակ պահանջը շենքի պատմական ճակատի փոփոխության համաձայնեցումն է՝ դրա ինքնօրինակության պահպանումով։
Իսկ այ ոչ մի կերպ չօգտագործվող, ընդ որում առանց որևէ ներդրումային պարտավորությունների սեփականաշնորհված, առաջին հերթին՝ արտադրական օբյեկտները տնտեսական շրջանառության վերադարձնելու անհրաժեշտությանը մենք չենք առարկի, քանի որ «ԳԱ»-ն այդ մասին գրում է անհիշելի ժամանակներից՝ պնդելով, որ մշակվի մեխանիզմ, որը կստիպի անարդյունավետ սեփականատիրոջը կա՛մ գործարկել իր օբյեկտը, կա՛մ վաճառել դա ավելի հմուտ գործարարի։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անմիջապես մեջ ընկավ խնդրի լուծման պատրաստվող նախագծով, որի էությունը այս կամ այն օբյեկտի օգտագործելիության/լքվածության աստիճանը դրա ծախսած էլեկտրաէներգիայի հետ կապակցելն է։ Ըստ երևույթին, գերատեսչությունում, պարզելու համար, թե արդյոք շահագործվում է տվյալ օբյեկտը, թե ոչ, որոշել են ուշադիր հետևել Էլեկտրական հաշվիչի ցուցումներին, թեև այդ հարցի պատասխանը կարելի է ստանալ շատ ավելի պարզ միջոցներով:
Փաշինյանը, սեփական ճամարտակությամբ տարված, ընդհատեց Պապոյանի կողմից Էկոնոմիկայի նախարարության մտահղացման շարադրումը երկրորդ նախադասությունից հետո՝ հայտարարելով, որ պետք է պրոգրեսիվ գույքահարկ սահմանել, երբ որքան ավելի երկար ժամանակ չի օգտագործում սեփականատերն իր անշարժ գույքը, այնքան ավելանում է նրա հարկային բեռը։ Մինչդեռ ավելացված արժեքի ստեղծման չօգտագործվող հզորությունները տնտեսական շրջանառության մեջ վերադարձնելու հենց այդպիսի լուծում է «ԳԱ»-ն առաջարկել տարիներ առաջ։ Մի՞թե վերջապես հասավ սրանց ուղեղին։