ԵԹԵ ՄԵԿ ՀՈԳԻՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է

Եթե ՄԵԿ հոգին կարողանում է.

1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել

2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել

3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել

4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել

5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է

6. Պատերազմ հայտարարել սփյուռքին

7. Հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը

8. Պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն

Ուրեմն նրա դիմաց 0-ներ են։ Քանի միլիոն զրո ուզում է լինել՝ 0+0+0+0+....... միևնույն է զրո է։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե՞ մեզ այդպես են ներշնչել։

Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ։ Դրա համար ընդամենը պետք է գնալ խաղաղ հանրահավաքի։ Պարզ մոտիվացիայով՝ մարդ զգալու, մարդ լինելու համար։ Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն, օրվա կեսը մի´ եղեք մարդ, մյուս կեսը՝ «մեծարգոյի» տակ ճկվող, մի´ եղեք զրո։

Ինչի՞ համար ենք պայքարում. որ դուրս գանք այս մղձավանջից, որ մարդկային դեմքով երկրում ապրենք, որ Ալիևը երբ ուզի՝ չծաղրի մեզ։ Նա այդ մեկ հոգուն չի ծաղրում, մեզ բոլորիս է ծաղրում։ էդ մեկ հոգու պրոբլեմը չէ, դա մեր վիրավորվելու պրոբլեմն է։ Ուզո՞ւմ ենք դուրս գալ 6-ամյա ստի դժոխքից ու նորմալ, ժամանակակից երկիր կառուցել։

Իսկ երեկվա ելույթն ունենում էր մի մարդ, ով «Արցախը Հայաստան է և՝ վերջ» գոռալով ու 26 տարվա բանակցությունները խափանելով, բերեց պատերազմ, ու հիմա խոսում է խաղաղությունից (մե´նք ենք թույլ տալիս), նա, ով մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունը, խոսում է մարդկային կյանքերի ու խաղաղության մասին։ Ամենաիրական բանը, որ կար մեր կյանքում մինչև նրա հայտնվելը, հայկական Արցախն էր, իսկ նա հիմա խոսում է իրական և պատմական հայրենիքներից։

Դադարեցնել է պետք ստախոս աշակերտի լիրիկական շարադրություներով կառավարումը։ Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք։

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ