ՌԴ-Ն ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՀՀ-Ի ՏԱՐԱԾՔՈՎ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ռուսաստանն ու Իրանը կարող են համատեղ ջանքերով կանխել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը, որը ձգտում են իրականացնել Թուրքիան ու Ադրբեջանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կայացած հեռուստակամուրջի ժամանակ։
Եվսեևը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, որը ներառում է ոչ միայն անձնակազմ և տեխնիկա, այլև համապատասխան ենթակառուցվածքներ: Անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է խանգարել Բաքվի, Անկարայի կամ արևմտյան երկրների ծրագրերին։
«Եվ եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ Վրաստանը կփակի իր օդային տարածքը, ապա Ռուսաստանը կարող է Հայաստանում իր բազայի մատակարարումն իրականացնել Իրանի տարածքով։ Եվ նման նախադեպ եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ»,-հավելել է Եվսեևը։
Իրանում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովն իր հերթին նշում է, որ Իրանը խիստ մտահոգված է Բաքվի և Թել Ավիվի միջև սերտ կապերով: Նա կարծում է, որ Իրանը կփորձի թուլացնել Ադրբեջանի և Իսրայելի մերձեցման այս միտումը՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը կգիտակցի ռիսկերը և զգույշ կգործի:
Մարյասովը նաև նշել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնմամբ: Նրա խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև առկա են լուրջ գաղափարական տարաձայնություններ, որոնք պահպանվում են մինչ օրս: