Վրաններ կտեղադրվեն. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները գիշերել են Սարդարապատում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով հասան Սարդարապատ, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում նրանց։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մնալու են Սարդարապատում` մայիսի 28-ին նշելու Հանրապետության օրը։
Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում։ Շարժման անդամներից մեկը հայտնեց, որ վրաններ են տեղադրվելու անձրևից պաշտպանվելու համար, իսկ մեքենաներն էլ կանգնեցնելու են այնպես, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մայիսի 28-ին այցելել հուշահամալիր։
Սրբազանը շրջեց հուշահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտում զոհվածների շիրիմներին և ասաց, որ պետք է այդ անձանց արժանի լինել։
«Պետք է արժանի լինել թե՛ նախնիներին, թե՛ ներկա հերոսներին, նրանց, ովքեր իրենց կյանքի ընծայումով կերտել են մեր կյանքը»,– ասաց Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա