Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՅՍ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԺԻ, ՈՉ ԹԵ «ԹԵՄԱՆ ՓԱԿՎԻ» 1-ԻՆ ԱԶԱՏԵԼՈՎ
Այն ոստիկանները, որոնք ուժ են կիրառել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ, պետք է ենթարկվեն քրեական պատժի, ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե կոնկրետ ով հարվածեց, ինչ հայհոյեց, բա մյուսների հա՞րցը»,– գրել է նա։
Մայիսի 27–ին հայտնել էինք, որ մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել են նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության 1 ծառայողի լիազորությունները։
Թաթոյանն իր հայտարարությանը կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում են հանցանք կատարող ոստիկանները։
«Նրանց բոլորի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական, հարուցվի քրեական հետապնդում ու ապահովվեն մեղադրական դատական ակտի հիմքեր»,– գրել է նա:
Թաթոյանի խոսքով` ակնհայտ է, որ 1 ոստիկանի լիազորությունների դադարեցումը քաղաքական որոշում է։ Ըստ նրա` 1 ոստիկանի «զոհ տալով» իշխանությունը խուսափել է մյուսներին քրեական պատասխանատվության ենթարկելուց:
«Դրա համար էլ կայծակնային արագությամբ որոշում է կայացվել. ուրիշ դեպքերում ամիսներ է տևում»,– գրել է նա։
Թաթոյանը շեշտել է` այսպիսի որոշումներն ավելի սանձարձակ են դարձնում կարմիրբերետավորներին ու Դամոկլյան սրի ուժով նրանց կախված պահում քաղաքական իշխանությունից։ Այս կերպ է նաև ոստիկանը սկսում ծառայել ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը:
«Այս դեպքի հետ կապված մանրամասները մենք ուղարկելու ենք միջազգային գործընկերների` հարցը դնելով նրանց մշտադիտարկման ներքո»,– եզրափակել է նա: