Սրբազան․ Առավոտյան՝ ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում

Դեպի Սարդարապատ մեր ուխտագնացության ընթացքում մի կարևոր արձանագրում արեցինք, որ մեր երկրում ասելիք ունեցողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք: Այս մասիօն այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատից վերադառնալով Երևան՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեզ որևէ կերպ որևէ բան հետ չի պահելու այդ ճանապարհից, որպեսզի ճշմարտության կողմը հաղթանակի։

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրից ու ամենքիդ։ Մեր այս ամբողջ շարժման առանցքը կազմում է հավաքական նկարագիրը, մեր հավաքական վարքագիծը։ Պատասխանատու մասնակցություն, ոչ միայն մասնակցություն, ոչ միայն պատասխանատվություն։

Մենք ասեցինք, որ սուտը մեր բնության, բովանդակության ուրացումը չի կարող հավերժ լինել։ Այսօր դուք այդ արձանագրումն եք կատարել, սիրելի ժողովուրդ, հստակ ուղերձ հղելով այն մարդուն, ով մեզ ստիպել է փողոց, հրապարակ դուրս գալ՝ կանխելու համար այն շարունակական աղետը, որ իր միջոցով տարածվել է մեր ողջ կյանքի վրա։

Այս երկու օրը ասել ենք՝ ոչ, անհնար է այդպես, տեղ չունես այնտեղ, որտեղ միայն հաղթանակներն են, ճշմարտությունն է»,-ասաց նա:

Սրբազանը հայտարարեց. «Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք։ Այլևս չենք տարածվելու որևէ տեղ և մեր գործողությունները լինելու են միասին: Չեմ ասելու՝ ինչ ենք անելու:

Երկրորդը, հիմա մեքենաների ղեկին եք նստում ու որքան կարողանում եք ազդանշան եք տալիս։

Ասեմ՝ ինչո՞ւ։ Երեկ մեր տղային, ով չուզեց հայտնել իր ինքնությունը, ազդանշան տալու համար ծեծել էին, գլուխը վնասվել է։ Հիմա մենք ի աջակցություն մեր տղայի, իմանա՝ ինքն էլ, մյուսներն էլ, մենակ չեն, և նաև ի անհամաձայնություն այն ոստիկանական անհասկանալի վարքագծին, որ իրենք դրսևորում են, նստում եք մեքենայի մեջ, ազդանշան եք տալիս, կամ ով ինչ ճանապարհով գնալու է, ազդանշան է տալիս։ Բոլորով գնալու ենք հանգստանալու։ Դա շատ կարևոր է»։

News.am