Իշխանությունների ապազգային գործունեության դրվագ է. Մայր աթոռի արձագանքը Սարդարապատի դեպքին

ՀՀ իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն էր այսօր Սարդարապատի հուշահամալիր Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի միաբանների մուտքի խոչընդոտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։

«Հանրապետության տոնի առիթով այսօր Ամենայն հայոց կաթողիկոսի և Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն էր»,– ասված է հայտարարության մեջ։

Մայր աթոռից նշում են, որ չնայած ոստիկանների ստեղծված արգելքներին` Վեհափառ հայրապետը հուշակոթողի առջև կարողացել է աղոթք բարձրացրեց առ Աստված` մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

«Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»,– նշում են Մայր աթոռից։

Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։

Sputnik Արմենիա