«ՄԱՅԻՍԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Մայիսի 26-ի հանրահավաքում ժողովուրդը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին հայտարարեց վարչապետի թեկնածու: Իշխանության ճամբարից պատասխանեցին հղումներով նույն հոդվածին, որտեղ ասվում է նաև, որ «իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այս գնահատականը համապատասխան է հենց 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների բնորոշման համար։

Հանրահավաքից հետո ժողովուրդը փողոց ելավ՝ պաշտպանելու իր ընտրությունը մորեգույն ու սև բերետավորներից, որոնք այս օրերին գործում են ավազակախմբերի տրամաբանությամբ: Դա առաջին անգամ դրսևորվեց երկուշաբթի առավոտյան ՀՅԴ շտաբի մոտ, որից հետո մորեգույն ու սև բերետավորները համատարած անցան քաղաքացիների օրինական դիմադրությունը ճնշելու աննախադեպ միջոցների: Ոստիկանությունը հանցագործություններ էր կատարում տեսախցիկների առջև, չվախենալով հատուցումից, ոտնահարելով մարդկայնության տարրական նորմերը:

Երևանի և այլ քաղաքների փողոցներում ծեծկռտուքները հաստատեցին արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքերի արդարացիությունը, որ «հայ ժողովուրդը ոտքի է ելել ընդդեմ Փաշինյան-Ալիև տանդեմի»: Դաժան հաշվեհարդարները տանդեմի պատասխանն էին ժողովրդին, պատժարարներին ղեկավարում էին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ներքին զորքերի հրամանատար նորաթուխ գեներալ-մայոր Հայկ Բաբայանը:

Փաշինյանը փոխարինել է ոստիկանությունը սադիստ-խոշտանգիչների հրոսակախմբերով։ Համեմատեք սև և մորեգույն բերետավորների գործողությունները 2018թ. գարնանը ոստիկանության ցուցաբերած պահվածքի հետ, և կհասկանաք, թե ինչ վիթխարի քայլ է արել երկիրը ժողովրդավարությունից և շարքային քաղաքացիների իրավունքների հարգումից դեպի տոտալ բռնություն և մարդկային տարրական իրավունքների համատարած ծանակում։ Փաշինյան - Ալիև տանդեմն ուզում է իրեն ենթարկել հայ ժողովրդին։

Այն ժամանակ, երբ ոստիկանական համազգեստով պատժարարները ծեծում էին տարեցներին, կանանց ու դեռահասներին, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մեղադրեց արքեպիսկոպոս Գալստանյանին, թե նրա համախոհները փողոցներում «ֆաշիստական կարգախոսներ» են հնչեցնում: Բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների ձեռքին չկան ո՛չ մետաղա ձողեր, ո՛չ Մոլոտովի կոկտեյլներ, ո՛չ քարեր։ «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներն» իրենց կամքն արտահայտում են «Գալստանյան՝ վարչապե՛տ» վանկարկումով, ինչի համար ենթարկվում են դաժանագույն հաշվեհարդարների, ոստիկանության բաժանմունքներից շատերը գնում են ուղիղ հիվանդանոց՝ արյունահոսող վերքերով։

Իշխող վերնաշերտի պարագլուխը փորձում է համատարած բողոքի ակցիաների մասնակիցներին ներկայացնել իբրև ռևանշիստներ, որոնք իր հրաժարականը պահանջում են երկրորդ նախագահից ստացած գումարների դիմաց: Ռոբերտ Քոչարյանին հայտարարել են դիմադրության առանցքային դեմք, փողոց ելած մարդկանց անվանում են «Մոսկվայի գործակալներ», սակայն այլևս ոչինչ չի կարող կասեցնել փողոցային պայքարը: Ջինը դուրս է եկել շշից, Ալիևի խամաճիկը ջանքեր է գործադրում ժողովրդին ճնշելու և մանկուրտների նախրի վերածելու համար, որոնցից կարելի է խլել ամեն ինչ. Հայրենիքից մինչև մարդկային արժանապատվություն։ Արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ «մայիսը չի ավարտվելու»՝ նկատի ունենալով խամաճիկային ռեժիմի դեմ համաժողովրդական պայքարի շարունակականությունը:

6 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ԿԱԹԻԼ ԱՐՅՈՒՆ ՉԹԱՓՎԵՑ։ Նիկոլի թիմակիցները պարում էին դագաղներով, իսկ 2 տարի անց դագաղը դրեցին 5 հազար հայ տղաների, այդ թվում՝ նրանց, ովքեր ողջունել էին «սիրո և համերաշխության հեղափոխությունը»։ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումն արդեն հասել է իր գլխավոր նպատակին. այն ցույց տվեց, որ փողոցներում ռևանշիստներ չեն, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական կողմնակիցները չեն, փողոցներում ժողովուրդն է: Ժողովրդի կամքին ենթարկվեցին քաղաքական բոլոր ուժերը (բացառությամբ «Ժողովրդավարական հարթակի» անդամ գաճաճ կուսակցությունների)՝ ճանաչելով Գալստանյանին վարչապետի թեկնածու։

Փաշինյանը շարունակում է բռնության միջոցով դիմադրել ժողովրդի կամքին։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման անունից վերջին առաջարկն է արվել Փաշինյանին՝ հեռանալու խաղաղ ճանապարհով, բանը չհասցնելով քաղաքացիական պատերազմի։

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձին՝ մայիսի 28-ին պատժարարներն առանձնակի զգոնություն ցուցաբերեցին, տոնի նախօրեին Երևանում համառ լուրեր էին պտտվում, որ հենց այդ օրը ժողովուրդը կստիպի Նիկոլին հրաժարական տալ։ Արքեպիսկոպոսն իր թիմակիցների հետ այդ օրը Սարդարապատում էր. միայն նրանց հեռանալուց հետո եկան Փաշինյանը, նախագահ Վ.Խաչատուրյանը և խոսնակ Ա.Սիմոնյանը: Ռեժիմի պարագլխի անձնական հրամանով ոստիկանությունը խոչընդոտում էր քահանաների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի մարտերում նահատակվածների հիշատակի հուշահամալիրի տարածք: Այդ խայտառակ ակցիան դարձավ ժողովրդի առջև Փաշինյանի անզորության գլխավոր վկայությունը, Գալստանյանը բնորոշեց դա որպես հոգեվարք

Ըստ շրջանառվող լուրերի՝ ռեժիմի պարագլուխը խուսափում է հայտնվել Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատանը, մի քանի օր գիշերել է Սևանի ամառանոցում, նրա ընտանիքը նույնպես գտնվում է անվտանգ վայրում, ինչը վկայում է, որ շարժման մասնակիցների իրական թվի մասին օպերատիվ տեղեկությունները մի քանի անգամ գերազանցում են Դանիել Իոաննիսյանի հնչեցրած 23 հազարը...

Առաջին և երրորդ նախագահները հրաժարական տվեցին՝ ցնցումների չենթարկելով երկիրը և ժողովրդին։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Լ Տեր-Պետրոսյանին ու Ս.Սարգսյանին, բայց ոչ ոք չի վիճարկի, որ ի դեմս նրանց ժողովուրդը գործ ուներ քաղաքական գործիչների հետ։ Քաղաքական գործիչներն իրենց պահեցին այնպես, ինչպես վայել է քաղաքական գործիչներին. հրաժարական տվեցին՝ խուսափելով ցնցումներից։ Փաշինյանից նման վեհանձնություն ակնկալելն անիմաստ է, մեր առջև ոչ թե քաղաքական գործիչ է, այլ ստահակ՝ փողոցային թափթփուկների թիմով, որը հասել է կուշտ կյանքի և ատամներով ու ճանկերով կառչել դրանից։ Նույն կերպ Փաշինյանը կառչել է վարչապետի աթոռից։

Վաղ թե ուշ նա ստիպված է լինելու կատարել ժողովրդի պահանջը, քանի դեռ հնարավորություն կա անել դա արժանապատվորեն, արյունահեղություն չհրահրելով, թեև կա նաև այլ կարծիք։ «Առ այսօր համարվում էր, թե բավական է փողոց դուրս բերել 100 հազար մարդու՝ իշխանության հարցը կլուծվի։ Սա Փաշինյանի մասին չէ, բիրտ ուժի կիրառմամբ նա հասկացրեց, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Փաշինյանը չի տա իշխանությունը, այն պետք է վերցնել»,- հայտարարեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Փաշինյանը մերժեց խաղաղ ճանապարհով հեռանալու վերջին առաջարկը, ի՞նչ է հաջորդելու դրան։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, Փաշինյանը յուրացրել է այն, ժողովուրդը պետք է վերադարձնի իշխանությունն իրեն…