ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանն Առաջին ալիքին չներեց մայիսի 26-ի հանրահավաքի լուսաբանումը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Իրականությունը, որում մենք ապրում ենք, շարունակում է զարմացնել։ Մինչ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը մեղադրում է ընդդիմությանը, որ «իրենց ռուբլով են վճարում», ՌԴ Դաշնային խորհրդից գնահատականներ են հնչում, որ «Փաշինյանի դիրքերն ամուր են, իսկ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ցանկացած իշխանության հետ»։ Եվ հենց նույն օրը, երբ ռուս սենատորը խոսում է Փաշինյանի «ամուր դիրքերի» մասին, Հայաստանում որոշում է կայացվում՝ ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը դադարեցվում է։
Այս թեմայի շուրջ պարզաբանումներ է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հայտարարելով, որ պարտքի պատճառով Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը։
«Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք»,- ասել է նա՝ նշելով, որ սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանի Դաշնությունը արգելի հայկական տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք որոշակի խնդիրներ ունեն ռուսական օրենսդրության հետ, կամ խնդիրներ ունեն ֆինանսական պարտքի հետ։ Եվ առավել հետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչ կսկսվի տեղի ունենալ, եթե Ռուսաստանի Դաշնությունը սկսի խոչընդոտներ ստեղծել Հայաստանի հետ կապված բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար՝ քաղաքական դրդապատճառներով։ Իսկ ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը դադարեցվեց հենց քաղաքական դրդապատճառներով։
Սկսենք նրանից, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փաշինյանների ընտանիքի ամենավստահելի մարդկանցից է, այլապես չէր հայտնվի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։
Հայրապետյանը նախարարի պաշտոնում նշանակվել է կոնկրետ քաղաքական առաքելությամբ, և կարելի է ենթադրել, որ Սփյուռքի նախկին նախարարն իր ներկայիս պաշտոնը ստանձնել է հենց Հայաստանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի Դաշնության ներկայության դեմ պայքարելու համար։ Ի դեպ, հիշեք, թե ինչպես էր Ժոզեպ Բորելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլյան «դարակազմիկ» հանդիպմանը Հայաստանին խոստացել ԵՄ աջակցությունը տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ …
Առաջին ալիքի նկատմամբ իշխանությունների նյարդայնությունն ակնհայտ էր դեռ մի քանի ամիս առաջ, երբ եթեր հեռարձակվեց «Куклы наследника Тутти» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական իրողություններին։
Բայց իշխանությունների համար վիթխարի գրգռիչ էր Առաջին ալիքով մայիսի 26-ին հեռարձակված ռեպորտաժը՝ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հանրահավաքի օրը, երբ հայտարարվեց, որ հանրահավաքին մասնակցել է 100 հազար մարդ։
Առաջին ալիքի հեռարձակումը դադարեցնելու որոշման մեջ կարևոր դեր ունեցավ նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ելույթը «Մեծ խաղ» հաղորդման շրջանակներում, երբ պատգամավորն արձագանքեց Փաշինյանի վերջին հայտարարությանը, երբ Ազգային ժողովում Փաշինյանը մեղադրել էր «ՀԱՊԿ երկու երկրներին Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու համար»: Զատուլինը նաև մատնանշեց, որ Հայաստանն ինքը լքել է Արցախը, հանձնել այն։
Հասկանալի է, որ Առաջին ալիքի եթերում ճշմարտության հերթական չափաբաժնից հետո Փաշինյանն այլևս չէր կարող հանդուրժել ռուսական այս ալիքի հեռարձակումը։ Ֆորմալ առումով ասվում է, որ հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն, ինչպես գիտեք, «ժամանակավորից ավելի մշտական բան չկա»։
Ընդհանուր առմամբ, զարմանալի է, թե ինչպես են ՀՀ իշխանությունները արձագանքում Ռուսաստանի Դաշնությանից եկող պատասխան հայտարարություններին։ Համաձայնեք, տարօրինակ է հավատալ, որ ժամանակակից աշխարհում, որտեղ աշխարհի մի ծայրից տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հասնում է մյուսին, Ռուսաստանի Դաշնությունը չէր նկատի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից ցեխ շպրտում Մոսկվայի վրա։ Զավեշտալի է նաև, որ ինչ-որ մեկը կարծում է՝ ժամանակակից աշխարհում հեռուստաալիքի հեռարձակումն արգելելով կարելի է կասեցնել տեղեկատվության տարածումը…
Կարևոր է նաև մեկ այլ բան. եթե այսօր որոշ քաղաքական գործիչներ բացահայտ խոսում են այն մասին, թե ինչպես է Փաշինյանը հանձնել Արցախը, ապա պատկերացրեք, թե ինչ է «դուրս գալու ջրի երես» Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո։ Ի՞նչ կիմանանք, հատկապես 2020 թվականի հոկտեմբերի 19-ի մասին։ Այն օրվա մասին, երբ Փաշինյանն առաջին մեծ մեխը խփեց Արցախի պետականության դագաղի վրա…
Մտածե՛ք այդ մասին…»: