ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻ ՀԱՇՎՈՒՄ
Պատասխանելով հրաժարականի պահանջով բազմահազարանոց հանրահավաքների վերաբերյալ լրագրողների հարցերին, Փաշինյանը զվարճալի արձագանքեց. ասաց, որ մարդկանց հաշվելու սիրահար չէ։ Սա պատասխանն է ընդդիմության այն ներկայացուցիչներին, որոնք միամտաբար հավատում են, որ եթե այսօր ավելի շատ մարդ գա հանրահավաքի, քան երեկ, ապա Փաշինյանը կհիշի ժողովրդի պահանջի դեպքում հեռանալու պատրաստակամության մասին իր հավաստիացումները։ Եվ հանգիստ կհեռանա:
Մոտավորապես այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը։ Առանց հեքիաթներ պատմելու: Առանց լեգիտիմության մասին մանտրաներ ծոր տալու: Առանց նոր ընտրություններ նշանակելու, ընդ որում մնալով վարչապետի պաշտոնակատար։
Փաշինյանն այդպես չի վարվի, նույնիսկ գերազանց իմանալով և՛ ցուցարարների թիվը, և՛ սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Այդպես չի վարվի ոչ միայն այն պատճառով, որ դրա համար պետք է համարձակություն ունենալ։ Արժանապատիվ հեռանալու համար պետք է ինչ-որ բան թողնես քեզանից հետո:
Ի՞նչ է թողնում Փաշինյանը։ Ասֆա՞լտ։ Բասկետբոլի վահանակնե՞ր վերանորոգված դպրոցներում: Փաշինյանն իր հետևից թողնում է զոհված հազարավոր երիտասարդ տղաների։ Տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք կորցրել են իրենց տները, իրենց Հայրենիքը։ Հայաստանի կորսված տարածքներ։ Պաշտպանության փլուզված համակարգ: Անվտանգության փլուզված համակարգ, որի անկյունաքարն այսօր ոչ թե բանակն է, ոչ թե դաշնակիցները, այլ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը։
Միայն այդ շարժման հնարավոր հաջողության առնչությամբ մտավախություններն են հետ պահում Հայաստանի թշնամիներին ՀՀ տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններից։ Դրա համար էլ հապշտապ անցկացնում են իրենց Ազգային անվտանգության խորհուրդների նիստեր, որպեսզի որոշեն. շարունակեն ճնշումը Հայաստանի վրա, թե՞ դադար վերցնեն՝ իրենց հավատարիմ Փաշինյանի կյանքը հեշտացնելու համար։
Պետության առաջին խնդիրը անվտանգության ապահովումն է։ Երկրորդ գլխավոր խնդիրը՝ անվտանգությունը, երրորդը՝ կրկին անվտանգությունը։ Մարդիկ հենց նրա համար էլ ստեղծում են պետություններ և զարգացնում այդ պետությունները, որպեսզի նախևառաջ լուծեն այդ առաջնային խնդիրը։ Խնդիր, որի լուծումը Փաշինյանը ձախողել է ամբողջությամբ։ Այդ իսկ պատճառով նա չի կարող հենց այնպես վերցնել ու հեռանալ, նրա հնարավորությունը սևը իբրև սպիտակ ներկայացնելն է։
Արցախի էթնիկ զտումը Հայաստանի «ինքնիշխանության հաղթանակն է», ինչպես ասում էր էկոնոմիկայի նախարարության ներկայիս ղեկավարը։ Տավուշում տարածքների հանձնումը «հաղթանակ» է, քանի որ հայտնվել են սահմանասյուներ... Իհարկե, Փաշինյանը կատարյալ ապուշ չէ։ Նա շատ լավ հասկանում է, որ ոչ մի սահմանասյուն անվտանգության երաշխիք լինել չի կարող։ Ավելին, սահմանասյունը՝ որպես անվտանգության երաշխիք, համեմատել անգամ չի կարելի գերիշխող բարձունքի վրա զբաղեցրած դիրքի հետ։
Ամեն ինչ հասկանում է, բայց նա ելք չունի։ Միակ հույսը սևն իբրև սպիտակ ներկայացնելն է։ Թուրքիային և Ադրբեջանին արվող զիջումները՝ իբրև խաղաղ կյանքի երաշխիք։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական խզումը՝ իբրև Հայաստանի ինքնիշխանության հաղթանակ։ Միայն գլխիվայր շրջած այդպիսի իրականության մեջ է Փաշինյանը կարող ապահով զգալ իրեն։
Եվ նա այլ ելք չունի, քան քայլ առ քայլ մոտեցնել Հայաստանն իր երազանքին՝ Թուրքիայի և Ադրբեջանի վասալ երկիր դարձնելուն։ Դրա համար էլ նա ցանկություն չունի հաշվելու իր հրաժարականը պահանջող մարդկանց։ Չունի և չի ունենալու: