ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՁԵՌՔԻ ՀԵՏ. ՓԾ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԸ` ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարումներից առաջացած ջրհեհեղի հետևանքների վերացման համար արտերկրից առաջարկվող օգնությունը շատ կարևոր է, քանի որ Հայաստանն այդ ֆինանսական ծանրությունը միայնակ չի կարող հաղթահարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փրկարար ծառայության գեներալ-մայոր, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։
«Օրինակ` ես հանձնարարություն էի տվել «Տավուշ մեդիային»` աղետի գոտում լուսանկարներ, տեսանյութեր նկարելու մասով։ Մեկ էլ հաջորդ օրն ինձ զանգահարեցին ԱՀԿ–ից և իրենց օգնությունը ձևակերպելու համար խնդրեցին մեր լուսանկարներն ու տեսանյութերը։ 1997–ին, երբ ես նոր էի «Արտակարգ ալիք» հաղորդաշարը սկսում, Սյունիքում մեծ սելավ ունեցանք, և մեր նկարահանումները հնարավորություն ընձեռեցին բավական խոշոր գումարներ ներգրավելու Գորիսի սելավի հետևանքների վերացման, տուժածների վնասները հատուցելու համար»,– նշեց Գրիգորյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից անմիջապես հետո Հայաստանին իրենց օգնությունն առաջարկեցին Ռուսաստանը, Հունաստանն ու Իրանը։ ՀՀ իշխանությունն այս առաջարկներին առայժմ պաշտոնապես չի արձագանքել։
Փոխարենը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 28-ին հայտարարեց, որ ջրհեղեղից տուժած բնակավայրերում կամավորների կարիք կա, և ուսանողներին կոչ արեց կամավորական խմբեր կազմել ու մեկնել աղետի գոտի։ Նախարարի այս հայտարարությունը փրկարար ծառայության բազմամյա փորձ ունեցող գեներալ-մայորին, մեղմ ասած, զարմացրել է։
«Այո՛, մենք բոլորս էլ պատրաստ ենք օգնելու` ով ինչով կարող է։ Բայց ինձ զարմացնում է այն, որ այստեղ նախ պետք է քարտեզագրեին վթարավերականգնողական, հետևանքների վերացման աշխատանքների ծավալները, նախատեսեին այդ ծավալների համար անհրաժեշտ տեխնիկան։ Հիմա կամավորները, ուսանողները գնացել, բահով ցեխ են մաքրում։ Այդ ցեխը շատ հանգիստ մղանը կարող էր մաքրել։ Դա երեխայի գործ չէ։ Կամավորությունն էլ լիցենզավորված գործունեություն է, ոչ թե մասսայական աշխատանք։ Էս երկիրը ոնց որ մասսայական կամավորության տեղ լինի` «եկեք «քցվենք» սննդամթերք հավաքենք, «քցվենք» բահ առնենք, «քցվենք» էս անենք, էն անենք»,– ասում է Նիկոլայ Գրիգորյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է, որ աղետի արձագանքման պլանով արդեն իսկ ամրագրված է, թե նման դեպքերում ինչ թվով փրկարարներ, զինվորականներ, ոստիկաններ ու բժիշկներ պետք է ներգրավվեն։ Հստակ պլաններ պետք է կազմվեն նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին տարհանելու, կոնկրետ բուժհաստատություններ տեղափոխելու համար։
«Ցեխ ու ջուր մաքրելը պրոֆեսիոնալ փրկարարի գործը չէ, բայց այնտեղ կա ջրի դուրսմղման կարիք, որտեղ մեր հրշեջ մեքենաները կարող են աշխատել։ Կարող են նաև մարդու տունը էս պահին օպերատիվ փրկելու համար որոշակի օպերատիվ աշխատանքներ կատարել։ Սակայն կամավորների դեպքում պետք է նրանց աշխատանքի արդյունավետությունը հասկանալ։ Հո չե՞նք տանելու այդ երեխեքի ոտն ու ձեռը ջարդենք։ Մասսայաբար տարբեր տեղերից կամավորներին ուղարկելով` ո՞վ է կառավարելու այդ կամավորներին, ո՞վ է աշխատանքային ֆոնդ տրամադրելու։ Նախ փաստաթղթային ձևակերպումներ պիտի անեն, նոր այդ մարդկանց ներգրավեն կամավորական աշխատանքների մեջ»,– շեշտում է բարձրաստիճան փրկարարը։
Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման ակունքներում կանգնած գեբերալ–մայորն ափսոսանք է հայտնում մասնագիտացված ու կայացած այդ կառույցի լուծարման և այն ՆԳՆ կազմի մեջ ծառայության կարգավիճակով ներառելու համար` շեշտելով, որ պատերազմի ու երկրաշարժի անընդհատ վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը իմիջիայլոց վերաբերվել։
«Մեր կառավարողները` վերից վար, կառավարման գիտելիք ու հմտություն, փորձագետ ներգրավելու ցանկություն չունեն։ Ամեն ինչ թողնում են կամավորների, ազնիվ սրտացավների, մի մասն էլ` մեջ ընկնողների հույսին, որ հետո դրանց վրա հավեսով մուննաթ գան։ Ոչ միայն ճգնաժամային կառավարման, դիմակայունության, այլև ճգնաժամային հաղորդակցության հիմունքների չեն տիրապետում։ Ամեն ինչ արվում է ձեռքի հետ ու դեմքի` «դե, հիմա...» արտահայտությամբ»,– ասում է մեր զրուցակիցը։
Մինչդեռ, նրա դիտարկմամբ, իրականում շատ կարևոր է գիտակցել անընդհատ փոփոխվող աշխարհում ճգնաժամային կառավարման կայացած ու պրոֆեսիոնալ համակարգ ունենալու կարևորությունը,հատկապես, որ վերջին տարիներին մեր երկիրը պարբերաբար կանգնում է տարբեր մարտահրավերների առաջ։
Նշենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ միջազգային գործընկերների առաջարկած օգնության հարցին, մասնավորապես` հեղեղումներից փլուզված կամուրջների վերականգնման հարցում։ Նա ընդգծեց, որ ուղղակի պետք է հստակեցվի, թե միջազգային գործընկերներից հատկապես ինչ ենք ակնկալում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ մոդուլային կամուրջներից բացի նաև կապիտալ ներդրումներով ու ստանդարտներին համապատասխան կամուրջներ պետք է կառուցվեն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։