Գասպար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՅԼԵՎՍ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԳՆԱԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Alpha News-ի ուղիղ եթերում ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր պահանջին։ Հիշեցնենք, որ Ալիևը Խոջալուում հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։

«Ակնկալելի էր, որ Ալիևը նման բան կասեր։ Քանի ինքը այսօրվա իշխանության հետ լեզու է գտել, վտանգավոր է։ Նրանք ինչ ուզեն, այս իշխանությունը կկատարի»,- նշում է Գասպար Կարապետյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձ է կատարել նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Կարապետյանի խոսքով՝ այս իշխանությունները քննադատում են շարժումը, բայց իրենք էլ հաջողության են հասել քայլերթով։

«Ես լավատես չեմ։ Այլևս անհնարին է երկար ճանապարհ գնալ այս իշխանության հետ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով պիտի փորձի իր աթոռի վրա մնալ ու այս իշխանությունը պահել։ Այս ամենը շատ վատ է երկրի համար։ Եթե ես Փաշինյանի տեղը լինեի ու ունենայի հայրենասիրական ջիղ իմ մեջ, պիտի փորձեի որևէ լուծում գտնել»,- ասել է Գասպար Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ Հանրապետության հրապարակում մարդկանց հոծ բազմություն հավաքելը բարդ է, բայց Բագրատ Սրբազանին դա հաւողվում է

«Կարևորն այն է, որ երկրում կա շարժում։ Դա տեսանք Բագրատ Սրբազանի քայլերթով։ Երբ այսօրվա վարչապետը սկսեց քայլերթ անել Գյումրիից, 3 հոգով էին, 4-5 հոգով հասավ այստեղ։ Պայմաններն այդպես ստեղծվեցին ու ունեցան մեծ հանրահավաքներ։ Հիմա այդ նույն մարդիկ չեն հասկանում երկրի վիճակի լրջությունը» ։

Alpha News