Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում
Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր աջակցել Լեռնային Ղարաբաղը լքած հայ փախստականների վերադարձի իրավունքին, երբ տարածքը գրավել են ադրբեջանցի զինվորականները։ Բայց եթե որևէ հայ ի վերջո վերադառնա Լեռնային Ղարաբաղ, չի ճանաչի այն վայրերը, որոնք լքել է 2023 թվականի վերջին, գրում է Eurasianet-ը։
Անցյալ տարվա աշնանից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայկական ժառանգությունը վերացնելու ուղղությամբ։ Արբանյակային նոր լուսանկարները նախկին հայ բնակիչների տների, եկեղեցիների և մշակութային այլ նշանակալի վայրերի համատարած ավերածություն են ցույց տալիս:
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ քանդման համար նախատեսված որոշ առանձնատների ներսում գտնվող անձնական գույքը չհամակարգված ձևով նետվել է, որոշ դեպքերում դրանց վերաբերվել են որպես աղբի:
Մարտին Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանի շենքի, ինչպես նաև պատերազմի վետերանների հայկական կենտրոնի ապամոնտաժման կադրերը՝ հայտարարելով, թե այդ «կառույցները ճարտարապետական պահանջներին չէին համապատասխանում»:
Ադրբեջանի կառավարության քանդիչ-ավերիչ գործողությունների մեկ այլ թիրախ են հայկական եկեղեցիները, գերեզմանատները և ուղղափառ կրոնական խորհրդանիշները։ Սուսում և Լաչինում փաստագրվել են հայկական կրոնական շինությունների քանդման դեպքեր։
Քանդվել են նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդային և հայկական ժառանգությանն առնչվող արձաններն ու հուշարձանները։ Մասնավորապես՝ քանդվել է Ստեփան Շաումյանի արձանը, ինչպես նաև հայ քաղաքական և ռազմական գործիչների այլ հուշարձաններ։
Ադրբեջանի կողմից շենքերի խորտակումը հակասում է Միջազգային դատարանի նոյեմբերյան որոշմանը։ ՄՔԴ-ն Ադրբեջանից պահանջել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։
Հայ փախստականներն ասում են, որ նախքան վերադառնալու հարցը քննարկելն ակնկալում են անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև որոշ հատուկ արտոնություններ, մասնավորապես, կոմպակտ բնակավայրերում ապրելու և ինքնավարության որոշ ձևերից օգտվելու հնարավորություն:
News.am