ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՋՆՋԵԼ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թվային դարաշրջանում, երբ մեր կյանքի զգալի մասն անցկացվում է համացանցում, դժվար է թերագնահատել գաղտնիության և անձնական տեղեկությունների պաշտպանության կարևորությունը: Ինչպես գրում է TechInsider-ը, նույնիսկ սոցիալական ցանցերի նվազագույն օգտագործման դեպքում մեր թվային հետքը հասանելի է մնում բազմաթիվ առցանց ծառայությունների համար:
Ի՞նչ է թվային հետքը
Թվային հետքը համացանցում կոնկրետ մարդու հետ կապված ցանկացած տեղեկությունն է: Սա կարող է լինել անձնական տվյալներ, հրապարակումներ սոցիալական ցանցերում, հաղորդագրություններ ֆորումներում և շատ ավելին:
Թվային հետքը լինում է ակտիվ և պասիվ: Ակտիվ հետքը այն տվյալներն են, որոնք օգտատերն ինքը է տեղադրում համացանցում, օրինակ՝ լուսանկարներ, մեկնաբանություններ և հրապարակումներ: Պասիվ հետքը հավաքվում է առանց անձի իմացության՝ Cookies ֆայլերի միջոցով և մոնիտորինգի այլ մեթոդներով: Cookies ֆայլերը տեքստային փոքր ֆայլեր են, որոնք կայքերն օգտագործում են օգտատիրոջ և նրա առցանց գործունեության մասին տեղեկությունները պահելու համար:
Ինչպե՞ս ստուգել ձեր առցանց գործունեությունը
Պարզելու համար, թե ձեր մասին ինչ տեղեկություններ կան համացանցում, բավական է պարզապես օգտագործել որոնման համակարգը, մուտքագրել ձեր լրիվ անունը և սեղմել «Որոնել»: Այս կերպ կարող եք գտնել որոշ անձնական տվյալներ, հանրային հրապարակումներ և էջեր սոցիալական ցանցերում:
Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները:
Կան մի քանի լավ խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել ձեր թվային հետքը և պաշտպանել ձեր անձնական տվյալները.
- Պարբերաբար մաքրե՛ք ձեր սոցիալական ցանցերը: Ջնջե՛ք հին գրառումները, լուսանկարներն ու մեկնաբանությունները, որոնք կարող են անձնական տվյալներ պարունակել։
- Օգտագործե՛ք գաղտնիության բարձր մակարդակ ապահովող դիտարկիչներ: Դրանք օգնում են նվազագույնի հասցնել համացանցում ձեր գործունեության վերաբերյալ տվյալների հավաքումը:
- Խուսափե՛ք հանրային Wi-Fi կետերից: Նման ցանցերը հաճախ անվտանգ չեն և կարող են օգտագործվել անձնական տվյալները գողանալու համար:
- Մի՛ ստեղծեք պրոֆիլներ կասկածելի կայքերում: Անհայտ ծագման և անվստահելի հարթակներում գրանցումը մեծացնում է տեղեկությունների արտահոսքի վտանգը։
Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ անկախ նրանից, թե ինչ եք անում, ժամանակակից աշխարհում անհնար է համացանցից ամբողջությամբ հեռացնել ձեր մասին տեղեկությունները, դուք կարող եք միայն նվազեցնել ձեր թվային հետքը: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալները չեն պահվում մեկ տեղում. դրանք կարող են պահպանվել և պատճենվել բազմաթիվ տարբեր ծառայությունների և հարթակների կողմից՝ դրանց ամբողջական ջնջումը դարձնելով գրեթե անլուծելի խնդիր: