Մելիքյան. Շարժման ևս երեք անդամների կարող են կալանավորել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ևս 3 մասնակիցներ կարող են կալանավորվել։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ այս մասին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա հրապարակեց այսօր առավոտյան ձերբակալված անձանց անունները՝ Ժորա Ավետիսյան, Մեսրոպ Եսայան և Գագիկ Համբարձումյան։
Մելիքյանի խոսքով՝ այս պահին նրանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում։
«Մեր նախնական տեղեկություններով՝ նրանց երեքին տանելու են կալանքի»,- ասաց Մելիքյանը։
Այսպիսով, այս պահին հայտնի են այն 4 անձանց անունները, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է շարժման մասնակիցներից Գնել Պետրոսյանը։ Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Թե ով է 5-րդ անձը, Մելիքյանը նշեց, որ այս պահին դեռ չգիտեն։
Իրավապաշտպանը հատուկ անդրադարձավ ձերբակալվածներից մեկի՝ Մեսրոպ Եսայանի դեպքին։ Այսօր առավոտյան նրա երրորդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Եսայանի համար արդեն կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ օրենքը շատ կարևոր է, բայց օրենքից շատ ավելի բարձր է հանրային բարոյականությունը։ Առանց հանրային բարոյականության օրենքն անալի է, աղ չկա, իմաստ չկա մեջը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հավելեց՝ քանի դեռ գլուխ ջարդող ոստիկանները կալանավորված չեն, վահանին հարվածող կամ շշեր նետող մարդկանց կալանավորումն անարդարացի է։
Իրավապաշտպանը դիմեց շարժման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ հորդորելով չանել այնպիսի բաներ, որոնց համար կարող են վտանգի ենթարկվել։
Sputnik Արմենիա