ԵՐԿՐԻ ԸՆԴԵՐՔՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՇԵՐՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Երկիրն ավելի քան 4,5 միլիարդ տարվա պատմություն ունի և այս ընթացքում մեր մոլորակը բազմաթիվ փոփոխություններ է ենթարկվրել. աշխարհը միշտ չէ, որ բարեհամբույր է եղել փթթուն կյանքի հետ: Իր պատմության արշալույսին Երկիրն անբարյացակամ շիկացած գունդ էր:

Գիտնականները տարիներ շարունակ փորձում են բացահայտել մոլորակի ընդերքում թաքնված առեղծվածները, իսկ այսօր նրանք մեկ քայլ ավելի մոտ են դրան, գրում է Science Alert հանդեսը։

Մոտ 3000 կիլոմետր մեր ոտքերի տակ փռված է D շերտ անունով հայտնի նյութի խորհրդավոր գոտին, որը երկար ժամանակ հիացրել է գիտնականներին իր գնդիկավոր կառուցվածքով:

Նոր ուսումնասիրությունը վկայում է, որ այս անմիատարր՝ տեղ-տեղ բարակ, իսկ մյուսում՝ հաստ շերտը, հավանաբար առաջացել է լավայի հնագույն օվկիանոսից, որը գիտնականների կարծիքով ծածկել է հին Երկիրը, հայտնում է «Ֆոկուս»-ը:

Ծայրահեղ ճնշումներն ու ջերմաստիճանները լավայի այս փոթորկալից օվկիանոսի հատակին առաջացրել են քիմիական ռեակցիաներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, առաջացրել են D շերտում այսօր նկատվող անկանոնությունները: Գիտնականների միջազգային թիմը նման եզրակացության է եկել՝ սիմուլյացիա կիրառելով:

Թիմի նոր մոդելավորումը տարբերվում է գիտնականների՝ նախկինում օգտագործածից մեկ հիմնական առումով. ջուրը ներկա է եղել Երկրի հնագույն լավայի օվկիանոսում, սակայն այդ օվկիանոսների վրա ազդեցությունը գիտնականները հազվադեպ էին հաշվի առնվում:

Այժմ գիտնականները համարում են, որ հենց ջուրն է խառնվել հանքանյութերի հետ՝ առաջացնելով երկաթ և մագնեզիումի պերօքսիդ: Հայտնի է, որ այս պերօքսիդը գրավում է երկաթը, ուստի նրա ներկայությունը կարող է բացատրել, թե ինչպես են երկաթով հարուստ շերտերը ձևավորվել այնտեղ, որտեղ գտնվում է D շերտը, այսինքն՝ հալված արտաքին միջուկի և շրջակա թիկնոցի սահմանից վեր:

Ըստ Պեկինի Բարձր ճնշման գիտության և տեխնոլոգիայի առաջադեմ հետազոտական ​​կենտրոնի գիտաշխատող, հետազոտության համահեղինակ Ցինյան Հուի՝ իր և իր գործընկերների հետազոտության արդյունքները ենթադրում են, որ լավայի ջրային օվկիանոսն էր, հավանաբար, նպաստել հայտնի երկաթով հարուստ փուլի ձևավորմանը, որը հայտնի է որպես երկաթ-մագնեզիումի պերօքսիդ:

Ենթադրվում է, որ դա կարող է հանգեցնել պերօքսիդի կուտակմանը երկաթ գերակշռող շերտերում, որոնց հաստությունը հասնում է 1-2 կմ-ից մինչև տասնյակ կիլոմետրեր: Երկաթով հարուստ փուլը ձևավորմանը զուգընթաց, քիմիական ռեակցիաները կենտրոնացան որոշակի տարածքներում և ձևավորեցին խորհրդավոր D շերտը:

Եթե ​​գիտնականների բացահայտումները ճիշտ են, դա հնարավորություն կընձեռի բացատրելու մոլորակի ընդերքում թաքնված ծայրահեղ ցածր արագության գոտիների առկայությունը՝ նյութի խիտ տարածքներ, որոնք սեյսմիկ ալիքները նվազագույնի են հասցնում:

Ենթադրվում է նաև, որ երկաթով հարուստ շերտերն ունեցել են նաև մեկուսիչ ազդեցություն՝ ստորին թիկնոցի հիմքի հատվածները միմյանցից անջատ պահելով։

Ի դեպ, գիտնականները ենթադրում են, որ Երկրի վրա լավայի օվկիանոսը գոյացել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ մեկ ուրիշ մոլորակի հետ հուժկու բախման արդյունքում։

Բախումից մնացած որոշ բեկորներ դուրս են մղվել և ձևավորվել է այն, ինչ այժմ անվանում ենք Լուսին, մինչդեռ ածխածնի, ազոտի, ջրածնի և ծծմբի տարրերի խառնուրդը մնացել է մեր մոլորակի վրա, որպեսզի հետագայում այստեղ սկիզբ առնի նոր կյանք:

News.am