«ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
Ի՞նչ ուղիներ ունի Հայաստանը: Իշխանությունների ընտրած ուղին Անկարայի և Բաքվի պահանջներին աստիճանաբար զիջել շարունակելն է։ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, դա անվանում է փոքր-ինչ այլ կերպ. «ռիսկերի կառավարում»։ Ինչ-ինչ, բայց տերմիններ հորինել նրա մոտ ստացվում է։
ՆԿԱՏԵՆՔ, ՈՉ ԹԵ ՌԻՍԿԵՐԻ ԶՐՈՅԱՑՈՒՄ, ԱՅԼ ՀԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ։ Այսինքն որ ռիսկերն առաջանան ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, որպեսզի իշխանությունը կարողանա նախապատրաստվել դրանց։ Առայժմ Փաշինյանի մոտ դա ստացվում է։ Նա հանձնում է, իր կարծիքով, փոքր չափաբաժիններով։ Այնպիսի, որոնք ոչ մի կերպ չեն սպառնում իր իշխանությանը, ուստի Ալեն Սիմոնյանը կարող է հանգիստ ֆուտբոլ դիտել, իսկ Աննա Հակոբյանը՝ փառատոններ կազմակերպել։
«Ռիսկերի կառավարումը» ուղիներից մեկն է: Հարաբերությունների ամրապնդումն այն երկրների հետ, որոնք ռազմավարական առումով շահագրգռված չեն Հայաստանի թուլացմամբ՝ մյուսը։ Հասկանալի է, որ խոսքը Իրանի և Ռուսաստանի մասին է։ Մեծամասամբ՝ Ռուսաստանի, քանզի նրա համար չէ վերջինս դարերով պատերազմել Թուրքիայի դեմ Կովկասում ազդեցության համար, որպեսզի հիմա լուռումունջ զիջի դիրքերը միայն այն պատճառով, որ Հայաստանի ապիկար իշխանությունը, նախագծի արևմտյան վերահսկիչների աջակցությամբ, «ռիսկերի կառավարման» ուղեգիծ է վերցրել։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասում է, որ եթե մեր երկիրն ընդուներ Հայաստանին օգնելու ՀԱՊԿ-ի առաջարկը, ապա կարող էր կասեցնել այն սպառնալիքները, որոնց այժմ բախվում է: Նկատի ունի որոշակի տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Բայց հարաբերություններն անասելի փչացած են, դա երևում է անզեն աչքով։ Գալուզինը մասնավորապես նշում է, որ Երևանը խուսափում է ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով շփումներից։
Երևանն այլ կերպ է մեկնաբանում իրավիճակը։ Պաշտոնական Երևանում հենց Գալուզինի հիշատակած գերատեսչություններին են համարում Արցախի էթնիկ զտման և Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման անմիջական մեղավորներ։
Այն, որ նշյալ գերատեսչությունների հետ շփումները նպաստել են 44-օրյա պատերազմի դադարեցմանը, Երևանը փաստարկ չի համարում։ Ավելին, չնայած Մոսկվայից սաստիկ նեղացած լինելուն՝ Երևանում հասկանում են երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի ներկայության ողջ անհրաժեշտությունը Հայաստանի համար։ Այդուհանդերձ Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճան են փչացել, որ Երևանը չի ցանկանում Մոսկվայի հետ քննարկել նույնիսկ փախստականների Արցախ վերադառնալու հարցը, ինչը Մոսկվան առաջարկում էր բաց տեքստով: Բայց, ըստ երևույթին, այդ հարցով զբաղվելուց հրաժարումը նույնպես մտնում է «ռիսկերի կառավարման» քաղաքականության տրամաբանության մեջ: Ինչպեսև փաստացի հրաժարումը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից ազատելու հարցով զբաղվելուց։ Համարում են, թե դրանով, այսպես ասած, այնքան մեծ ոսկոր են տալիս կատաղած շանը, որ վտանգավոր կենդանին այլ ուտելիքի վրա չնայի:
Երևանում, դատելով ամենից, վստահ են, թե շատ իմաստուն քաղաքականություն են վարում, որի արդյունքում այն հարցերով, որոնց գործնականում հետամուտ չի լինում Երևանը, վաղ թե ուշ կզբաղվի լուսավորյալ Արևմուտքը: Ինչպես կասեր Գուրգեն Արսենյանը, «ռիսկերի կառավարման» քաղաքականությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու ... Ահավասիկ արդեն ոչ այլ ոք, քան մի ամբողջ Լյուքսեմբուրգ է մեր կողմից, համարելով, որ արցախցի փախստականների վերադարձը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատագրումը պետք է դառնան Բաքվի հետ Երևանի խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր պայման։
Ավաղ, Արևմուտքը միայն Լյուքսեմբուրգը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ Արևմուտքի համար մեր տարածաշրջանը բնավ առաջնային չէ։ Համենայնդեպս՝ ոչ այնքան առաջնային, որքան Ռուսաստանի և Իրանի համար։
Խնդիրն այն է, որ Արևմուտքում, իրենց հերթին, վաղուց արդեն «ռիսկերի կառավարման» նույն քաղաքականությունն են վարում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ կատաղած շանը պարբերաբար մսի կտորներ նետելու քաղաքականությունը, ինչի հաշվին կարելի է զսպել կենդանու գենետիկ բնազդները։ Իսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն ընտրեց արտաքին քաղաքականության արևմտյան նավարկուղին, Վաշինգտոնի և Բրյուսելի համար ընդհանրապես լիակատար երանություն տիրեց։ Քանզի հիմա մսի կտորները կարելի է նետել արդեն ոչ թե սեփական սեղանից, այլ մեկ ուրիշից՝ համահայկականից։