«Հրապարակ». ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՕՐԻՆԱԳԻԾԸ՝ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։

Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն և այլն, ինչպես նաև՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման և իրացման նկատմամբ։

Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրև կրոնական կազմակերպություն և խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։

ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին»:

News.am