Թուրք լրագրող. Նոյեմբերին Փաշինյանը կմեկնի Բաքու

Թուրք լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան։

Նրա վկայությամբ, Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։

Լուրի իսկությունը ճշտելու համար Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի լրատվույթան վարչության հետ։ Հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

 Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ին տված հարցազրույցում ասել էր. «Այն, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP 29 համաժողովի վրա, մեծ հնարավորություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ Հայաստանը հանել է իր վետոն COP29-ն ընդունելու Ադրբեջանի հայտի վրայից, իսկ դրա դիմաց Բաքուն համաձայնել է Հայաստանին ընդգրկել կլիմայի գլոբալ համաժողովի գործադիր կոմիտեում։

«Իհարկե, սա մեծ բեկում էր, քանի որ առաջին անգամ ուղղակի շփումների միջոցով կարողացանք հասնել վստահության ամրապնդման այս միջոցառմանը, և դա նաև ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են լուծել իրենց տարաձայնությունները ուղիղ երկկողմ շփումների միջոցով՝ առանց ցանկացած երրորդ կողմի մասնակցության»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ COP 29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։